Եպիսկոպոսաց ժողովում կորոշվի Ցեղասպանության զոհերի սրբադասման հարցը

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ ԺՈՂՈՎԻ ԱՌԻԹՈՎ

Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս,

Գերաշնորհ Արամ արքեպիսկոպոս Աթեշյան, Պատրիարքական Ընդհանուր Փոխանորդ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության,

Գերաշնորհ Սրբազան հայրեր,

Անհուն ուրախությամբ Մեր ջերմ ողջույնն ենք բերում Ձեզ և փառք ու գոհություն վերառաքում առ Բարձրյալն Աստված, որ վերստին շնորհը պարգևեց մեր Սուրբ Եկեղեցու եպիսկոպոսաց դասի հետ համախմբվելու աստվածախնամ հովանու ներքո Քրիստոսակերտ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

Անցյալ տարի Եպիսկոպոսաց ժողովի գումարումը ոչ միայն նշանակալի իրադարձություն էր, այլև՝ կարևոր ձեռքբերում եկեղեցական կյանքում, քանզի դարեր շարունակ ծանր ու դժվարին ժամանակների, անբարենպաստ իրավիճակների ու հանգամանքների, եկեղեցավարչական խնդիրների պատճառով հնարավոր չէր եղել կազմակերպել եպիսկոպոսաց դասի համախմբումը: Նախորդ ժողովական աշխատանքով մենք ունեցանք օգտաշատ քննարկումներ, ընդունեցինք եկեղեցական և ծիսական հարցերին առնչվող, սոցիալական բնագավառներին վերաբերող որոշումներ՝ ի նպաստ մեր Սուրբ Եկեղեցու առաքելության զորացման ու արդյունավորման և մեր հոգևոր, ազգային ու հայրենական կյանքի առաջընթացի:

Եպիսկոպոսաց ժողովի պարբերաբար գումարումն անհրաժեշտ է եկեղեցական անդաստանում բարեփոխումներ իրականացնելու, մեր Եկեղեցու ընթացքը ժամանակի զարգացումներին համաքայլ պահելու, արդիական հարցադրումներին արձագանքնելու և առկա հրամայականներին ու մարտահրավերներին համապատասխան մեր Սուրբ Եկեղեցու տեսակետները նորովի բանաձևելու և ներկայացնելու համար: Եպիսկոպոսաց ժողովի հրավիրումը կարևոր է նաև մեր հոգևոր-եկեղեցական գործունեությունը զորացնելու և ավելի արդյունավորելու համար, որպեսզի մեր ժողովրդին անսայթաք պահենք ու պահպանենք հավատքի ուղիներում և առավել ճանաչելի դարձնենք մեր Եկեղեցու Քրիստոսավանդ վարդապետությունը, եկեղեցական սրբազան ավանդույթները, ծեսերն ու տոները: Պատմության փորձություններից հավատքով փրկված ժողովուրդ ենք, և այսօր էլ մեր հավատքը և հավատակերտ գործերը պիտի բարեզարդեն ու լուսավորեն ազգային-եկեղեցական մեր կյանքի անդաստանները և ապագայի մեր իղձերն ու տեսլականները:

Եպիսկոպոսաց այս ժողովի օրակարգում մենք անդրադառնալու ենք Ցեղասպանության զոհերի սրբադասման հռչակման արարողակարգին և ծիսական կանոնակարգին, Սուրբ Մկրտության խորհրդի  բարեկարգյալ ծիսակարգին, որոնց շրջագծում դեռևս կան վճռման կարոտ մի շարք հարցեր: Ուրախալի է, որ օրակարգում է նաև Կոմիտաս Վարդապետի սրբադասման գործընթացի ձեռնարկումը: Արդարև, Եկեղեցին զորանում է իր սրբերով, նրանց լուսավոր կյանքի մշտավառ օրինակով և երկինց օթևաններում նրանց բարեխոսական աղոթքով: Ցեղասպանության զոհերի սրբադասումով նաև պիտի շարունակվի դարեր ի վեր մեր Եկեղեցում դադարած սրբադասման գործընթացը, իսկ  Մկրտության կանոնի վավերացմամբ՝ ծիսաարարողական միօրինակությունը եկեղեցական մեր անդաստանում: Իրականացված հետևողական և ջանադիր աշխատանքների համար գոհունակ սրտով Մեր բարձր գնահատանքն ենք բերում Կենտրոնական հանձնաժողովի, Սրբադասման և Ծիսական միասնական հանձնախմբերի անդամներին:

Մեր Սուրբ Եկեղեցին իրականացնելով իր զավակների հոգու փրկության և հավիտենական կյանք առաջնորդելու տերունապատվեր առաքելությունը՝ միաժամանակ կարևորում է բարօրությունը այս կյանքի, ինչպես ուսուցանում է առաքյալը. «Աստուածապաշտութիւնը օգտակար է ամէն ինչի. և նա ունի կեանքի աւետիսը, ա՛յս կեանքի և հանդերձեալի» (Ա Տիմ. 4.8): Հայ Եկեղեցին, ինչպես դարեր շարունակ, այսօր էլ ջանք ու նպաստ է բերում մեր Հայրենիքի զորացման, Սփյուռքի կենսունակության,  մեր ժողովրդի խաղաղ կյանքի ու բարօր կեցության համար: Աննվազ նախանձախնդրությամբ պիտի շարունակենք միջազգային հարթակներում անլռելի պահել մեր Սուրբ Եկեղեցու կոչը՝ հանուն Հայոց Ցեղասպանության համընդհանուր դատապարտման, Արցախի մեր ժողովրդի ազատ ապրելու իրավունքի ճանաչման, այլև՝  Սիրիայում, Իրաքում, ողջ Մերձավոր Արևելքում խաղաղության վերահաստատման, կրոնական հալածանքների դադարեցման, քրիստոնեական համայնքների իրավունքների պաշտպանության: Արդի աշխարհին առաջնահերթորեն հուզում են սոցիալ-տնտեսական, քաղաքական խնդիրները, քան հոգևորը՝ մարդ-Աստված հարաբերությունների անխաթար պահպանումը և համընդհանուր բարիքի համար աստվածահաճո կերպով ապրելու ձգտումները: Այս ընթացքները անխուսափելիորեն առաջնորդում են բարոյական ընկալումների խաթարման, ընտանիքի, մարդկային բարձր արժեքների վերաբերյալ հասկացությունների խարխլման, որոնցից, ցավոք, զերծ չէ նաև ազգային մեր կյանքը: Նման իրավիճակը շեշտում է հրամայականը Եպիսկոպոսաց ժողովի՝  առավել համակարգված և եռանդուն գործելու, ավելի նախանձախնդրությամբ Աստծո կենարար խոսքը մատռվակելու մեր հավատավոր զավակներին, որպեսզի մեր ժողովուրդը հաստատուն լինի դեպի Աստված ընթացքներում և զորանա իր քրիստոնեական կյանքով, որով մեր իրականության շատ խնդիրներ պիտի հաղթահարվեն:

Աղոթքով առ Ամենակալն Աստված հայցում ենք Սուրբ Հոգու շնորհները և առաջնորդությունը սրբագումար այս ժողովին՝ համատեղ ու արդյունավոր ջանքերով լուծումներ գտնելու մեր Եկեղեցին հուզող խնդիրներին ու մարտահրավերներին: Թող Տերը Իր օրհնության ներքո հավետ շեն ու պայծառ պահպանի մեր Սուրբ Եկեղեցին Նվիրապետական իր Աթոռներով, խաղաղ, ապահով ու բարօր՝ Հայաստան ու Արցախ հայրենի մեր երկիրն ու աշխարհասփյուռ ժողովրդին:

«Թագաւոր երկնաւոր, զԵկեղեցի Քո անշարժ պահեա. եւ զերկրպագուս անուանդ Քում պահեա ի խաղաղութեան»: Ամէն:

Scroll Up