«Մեր կռիվն արդար է, մեր հաղթանակն՝ անխուսափելի». Արտակ Սերգոյան

ՀՀ սփյուռքի նախարարությունում Բրյուսելից հյուրընկալված «Եվրոպահայերը հանուն Հայաստանի զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Արտակ Սերգոյանի հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը:

Արտա՛կ, քաջատեղյակ լինելով Ձեր առաքելությանը, այնուամենայնիվ, խնդրում եմ մեր ընթերցողներին ներկայացնել Ձեր այցի հիմնական նպատակը:

-Հայաստան գալուս առաջին և ամենակարևոր նպատակը ագրեսոր Ադրբեջանի կողմից Արցախի պաշտպանական դիրքերի վրա նախահարձակ պատերազմական գործողությունների ժամանկ հերոսաբար զոհված և վիրավորված զինվորների ընտանիքներին օգնություն ցուցաբերելն է, ինչպես նաև՝ ՀՀ սփյուռքի նախարարության հետ համագործակցության հետագա զարգացման խնդիրների քննարկումը:

– Արտա՛կ, ովքե՞ր են օգնության գաղափարի նախաձեռնողները:

-Ապրիլյան պատերազմի առաջին օրերին բելգիահայ համայնքն օգնություն է կազմակերպել. այս անգամ նախաձեռնությունն իրականացնում ենք մի քանի ընկերներով՝ կազմակերպելով դրամահավաք և ներդնելով մեր անձնական միջոցները: Ամեն ընտանիքի մի քանի օրից կտրամադրենք 500-ական եվրո ₤: Գումարն ինքներս ենք բաշխելու: Ընդգրկել ենք մոտ 6-7 ընտանիք, իսկ Քյարամ Սլոյանի ընտանիքին առանձին հաշվեհամարով փոխանցել ենք 2000 եվրո ₤:

– Ո՞րն է Ձեր ստեղծած կազմակերպության հիմնական նպատակը, ուղղվածությունը:

– Հիմնական նպատակը համայնքում մշակութային, սպորտային և հայապահպան գործունեություն ծավալելն է՝ զանազան միջոցառումներ կազմակերպելով:

– Էջմիածնից ինչպե՞ս և ե՞րբ հայտնվեցիք հեռավոր Բելգիայում:

-Սկզբում գնացել եմ Ֆրանսիա՝ ուսանելու, վերապատրաստվելու, իսկ հետագայում տեղափոխվել եմ Բելգիա, ընտանիք կազմել, ընդգրկվել համայնքային կյանքում, հիմնել սեփական բիզնես՝ մեծաթիվ սրճարանների ցանց: Մոտավորապես 14 տարի է, ինչ գնացել եմ Հայաստանից, իմ հարազատ Էջմիածնից, սակայն երբեք չեմ կտրվել իմ Հայրենիքից ու ծննդավայրից, իմ արմատներից: Այսօր իմ և ընկերներիս հիմնադրած «Եվրոպահայերը հանուն Հայաստանի զարգացման» հասարակական կազմակերպության ընդլայնման ու զարգացման աշխատանքներով եմ զբաղված:

– Ո՞ւր եք շտապում գնալ՝ Հայաստան այցելելիս:

– Նախկինում, երբ ծնողներս դեռևս Էջմիածնում էին ապրում, շտապում էի նրանց մոտ. հիմա ծնողներս Բրյուսելում են: Ցավոք, անցյալ տարի մի քանի օրով Հայաստան այցելած եղբայրս մահացավ ավտովթարից, և ես հիմա առաջին հերթին շտապում եմ գնալ գերեզմանատուն: Ամենից շատ ձգտում եմ լինել Ծիծեռնակաբերդում և Եռաբլուրում, ուր մեր հերոսներն են ննջում… Փա՛ռք անցյալում ու ներկայում զոհված բոլոր զինվորներին. ես խոնարհվում եմ նրանց ծնողների, ընտանիքների առջև և խորին շնորհակալությունս եմ հայտնում: Մենք պարտք ենք մեր սահմանների պաշտպանության համար մղված մարտերում հերոսաբար ընկած բոլոր տղաներին, նրանց ընտանիքներին. այսօր էլ սահմանների մոտ կանգնած մեր տղաները պաշտպանում են մեր կյանքը, մեր Հայրենիքը: Մենք բոլորս պարտավոր ենք բարոյապես, նյութապես աջակցել սահմանների պաշտպանության համար զոհված ու վիրավոր զինվորների ընտանիքներին: Հարկ եղած դեպքում բելգիահայ համայնքի տղաները ևս պատրաստ են կանգնելու դիրքերում. մեկ անգամ չէ, որ նրանք հայտնել են իրենց աջակցությունը, սակայն ասել են, որ դեռ դրա կարիքը չկա: Մի քանի օրից վերադառնում եմ Բելգիա, մայիսի վերջերին նորից կգամ Հայաստան:

– Արտա՛կ, բացի բիզնեսից և համայնքային գործից, ուրիշ ի՞նչ աշխատանքով եք զբաղվում:

– Արդեն մի քանի տարի է, ինչ գործում է իմ՝ ART պրոդյուսերական կենտրոնը, որի գործունեության շրջանակներում ես շատ համերգներ եմ կազմակերպել ու կազմակերպում եմ: Հայաստանից ճանաչված շատ երգիչներ են եղել Բրյուսելում, և դա շարունակական ընթացք է կրում:

– Դուք եղաք նաև ՀՀ սփյուռքի նախարարի մոտ. ինչպե՞ս և ինչի՞ շուրջ ծավալվեց ձեր զրույցը:

– ՀՀ սփյուռքի նախարարությունը շատ կարևոր կառույց է և հրաշալի գործունեություն է ծավալում, կցանկանայինք, որ նախարարը լինի մեր մեծ համայնքում (Բելգիայում մոտ 40 հազար հայություն կա), հանդիպում կազմակերպենք երիտասարդների հետ, ովքեր շատ հարցեր ունեն նախարարին: Հուսով ենք, որ այդ հանդիպումը կկայանա: Երբ հանդիպեցի հարգարժան նախարարուհուն, քննարկեցինք Բրյուսելում երիտասարդական համաժողով անցկացնելու գաղափարը, զրուցեցինք նաև զոհված և վիրավոր զինվորների ընտանիքներին դրամական օգնություն հատկացնելու հարցերի շուրջ, նախարարն առաջարկեց և խորհուրդ տվեց ստեղծել թափանցիկ հաշվեհամարներ: Ես էլ իմ հերթին առաջարկեցի այդ գումարները տրամադրել թոշակի ձևով:

– Տեղյակ ենք, որ Բելգիայի հայությունը բազմամարդ ցույցեր է կազմակերպել ապրիլյան պատերազմն սկսած ագրեսոր Ադրբեջանի դեմ և Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի առիթով, լսել եմ նաև, որ ադրբեջանցիները հակացույցի են դուրս ելել. բախումներ չե՞ն եղել:

բելգիաԲելգիա1

-Այո՛, մենք մեծ ցույցեր ենք կազմակերպել, որովհետև մեր կռիվն արդար է, մեր հաղթանակն՝ անխուսափելի: Հակացույցով հանդես են եկել նաև ադրբեջանցիները: Մեր ընկերները տեղեկացրին, որ երկուշաբթի օրը ազերիները պատրաստվում են Բրյուսելում հայկական դեսպանատան առջև ցույց անել: Մենք անմիջապես կազմակերպեցինք մեր հակացույցը. մեր դեսպանատունը շատ հարազատ կառույց է, այն դրսում մեր տունն է, մեր պատիվը: Ազերիների ցույցը պատվիրված ներկայացում էր, որի իմաստը հայկական դեսպանատան առջև «Ղարաբաղը մերն է» գոռալն էր… Մենք 40-50 հոգով հավաքվեցինք այնտեղ. նրանց համայնքը շատ թույլ համայնք է, ազերիներին աջակցում են թուրքական ներքին ուժերը, ծայրահեղականները: Բախումներ չեղան այդ օրը, թուրքական մամուլն այդ օրերին ամբողջությամբ ողողված էր մեր հակացույցի լուսանկարներով ու տեղեկատվությամբ: Առիթից օգտվելով՝ ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Բելգիայում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանին, ով մշտապես մեր կողքին է և բոլոր հարցերում աջակցում է մեզ:

– Ձեր ամենակարևոր ասելիքը, Արտա՛կ…

-Մենք բոլորս մեր ֆինանսական օգնությունը, մեր մարդկային ռեսուրսները պետք է տրամադրենք Հայրենիքի պաշտպանությանը:

Կարինե Ավագյան 

Scroll Up