Իրենց արմատների հետքերով Սարուխան գյուղ են այցելել նորզելանդահայ քույրերը

Գեղաքունիքի մարզի Սարուխան գյուղը նոյեմբերի 4-ին հյուրընկալեց Նոր Զելանդիայից ժամանած երկու քույրերին, ովքեր գյուղ էին եկել իրենց պապերի ու արմատների հետքերը որոնելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սարուխան գյուղի բնակիչ Խաչիկ Ենգիբարյանը, նրանք երկու քույրեր են` Դիանա Հաութմանն ու Կառոլ Բռունելոն:Հյուրերին ընդունեց համայնքի ղեկավար Վահան Գեւորգյանն ու գյուղի բնակիչների հետ միասին փորձեց բացահայտել անցյալի պատմության գաղտնիքները: Հյուրերի պատմելով՝ իրենց պապերը պարսից Շահ-Աբասի կազմակերպած Մեծ գաղթի հետեւանքով 1639 թվականին
իրենց հայրենական հողերից` Սեւանի ավազանից, մասնավորապես, ներկայիս Սարուխանի տարածքում գտնվող նախկին բնակկավայրից, գաղթել էին Պարսկաստան: Եվ քանի որ Մելիք Մանուչարյանների գերեզմանները Սարուխանում են գտնվում, նրանց հետնորդներն ուղիղ եկել են Սարուխան: Գյուղի պատմությունն ամբողջականացրած Կարո Մանուկյանի «Սարուխան» գրքից եւ պահվող արխիվային նյութերից պարզվեց, որ հյուրերի ձեռքի տակ եղած 1620 թվականի տոհմածառն ու գյուղում պահվող նյութերը գրեթե համընկնում են: Նորզելանդացիներն ապշած էին
այն բացահայտումից, ըստ որի` իրենց պապերը՝ Մելիք մանուչարի ժառանգները գյուղում զբաղվել են ուսուցչությամբ, իսկ իրենք` մանկավարժներ են Նոր Զելանդիայում: Որպես տուրիստներ հայրենիք այցելած Դիանան ու Կառոլան ուղեւորվել են Իրան: Նրանք սարուխանցիների խորհրդով կլինեն Խորեզմում, Խոյում ու Սալմաստում, որտեղ ժամանակին սփռվել են հայ գաղթականները: Հետագա բացահայտումների մասին նրանք կտեղեկացնեն սարուխանցիներին:

Scroll Up