«Սասուն» ոսկերչական տան տերը Փշուտցի է, տատիկիս՝ մամե Ուստոյի գյուղից». Լիլիթ Գալստյան

«Այս օրերին Երևանում ընթացող հայ ոսկերիչների չորրորդ միջազգային ցուցահանդեսին Ստամբուլի հայ ոսկերիչները պատկառելի պատվիրակությամբ են մասնակցում։ Անձեռակերտ թվացող զարդերի մասին գրելն անիմաստ է, պիտի տեսնել…

Զարդերից առավել զարմացած եմ ու անակնկալի եկած սասունցի ոսկերիչների ներկայությամբ: Նրանցից շատերը Սասունում են ծնվել ու Ստամբուլ փոխադրվել ընդամենը 20-30 տարի առաջ։ Ցուցահանդեսին ինձ հրավիրած Եփրեմ Բաղը, որ Ստամբուլի Սասունցիների հայրենակցական միության ղեկավարն է, նաև BaG ոսկերչական տան տերը, ուղեկցում է ինձ տաղավարներով ու մեկ -մեկ ծանոթացնում… Ու ականջս լցվում է մեր Էրգրի տաք-տաք անուններով, չճանաչած, բայց հարազատ, անօտարելի եզերքի արձագանքով։ Սա Փշուտից է, այս մեկը՝ Բաթմանից, այս մյուսը՝ Նադոփից, հերթով ծանոթացնում է միայն Սասունի բարբառով խոսող Էֆրիմը՝ Եփրեմ Բաղը։ Տխրության, զարմանքի, հիացմունքի, կորստի ու ուժի մի անբացատրելի զգացում է իջնում վրաս։ Նրանցից շատերը հայերեն չեն խոսում, փորձում են մեկ- երկու բառ փոխանակել մեր՝ Սասունի բարբառով։ Բառերը գուցեև ավելորդ են, նրանց դեմքերն ինձ այնքան հարազատ ու ծանոթ են թվում, որ, եթե չիմանայի, որ Ստամբուլից են եկել, կկարծեի, թե մեր հարևան Կաթնաղբյուր կամ Սասնաշեն գյուղից են։ ՍԱՍՈՒՆ ոսկերչական տան տերը Փշուտցի է, տատիկիս՝ մամե Ուստոյի գյուղից։ Ինչ իմանաս, գուցե հեռավոր ազգական ենք, բայց սա էլ կարևոր չէ..
Ի՛նչ մարդկային հարստություն ունենք մենք՝ հայերս, որ մեր ուժի ամենաանխոցելի ու եզակի աղբյուրն է։ Կարողանում ենք արդյոք ցանցային ու փոքրացող աշխարհում ճիշտ օգտագործել…»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է Համազգայինի հայ կրթական և մշակութային միության հայաստանյան գրասենյակի տնօրեն Լիլիթ Գալստյանը:

Սասուն

Scroll Up