Միջոցառում՝ նվիրված Թարգմանչաց տոնին

Ազգապահպանության գործում կարևորագույն «դերակատարներից» մեկը լեզուն է, որն առանց գրի թերի է, իսկ գրի բացակայությունը հետ է պահում լեզուն զարգացումից։ Հենց գիրը կարևորելով և լեզուն անմահ պահելու մղումով Մեսրոպ Մաշտոցը ձեռնամուխ եղավ հայոց այբուբենի ստեղծմանը։ Քանի որ ավելի քան մեկ դար քրիստոնեություն դավանող ազգը շարունակում էր աղոթել օտար լեզուներով։
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի Մոսկվայի «Հայորդյաց տան» սաները գեղեցիկ միջոցառմամբ ներկայացրին գրերի գյուտի կարևորությունը՝ միջոցառումը նվիրելով Թարգմանչաց տոնին։
Միջոցառման հեղինակ, հայոց լեզվի ուսուցչուհի Ալլա Համբարձումյանը կրթօջախի սաների օգնությամբ ցույց տվեց, որ եթե չստեղծվեին հայոց գրերը՝ հայը կշարունակեր աղոթել օտար լեզվով, իսկ Բայրոնն այդպես էլ չէր փաստի, որ Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է։ Ալլա Համբարձումյանը միջոցառման միջոցով վերահաստատեց, որ Հայոց գրերի ստեղծումը օրհասական խնդիր էր, իսկ Աստվածաշնչի թարգմանությունը՝ անհրաժեշտություն։ Իսկ առաջին թարգմանված նախադասությունը «Ճանաճել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ», ոչ թե պատահականություն էր, այլ բոլոր սերունդներին ուղղված կոչ և պատգամ։
Միջոցառումն իրենց կատարումներով առավել գեղեցկացրին Լենա Բեգլարյանի ղեկավարած «Ովսաննա» երգչախմբի սաները։
Միջոցառման ավարտին «Հայորդյաց տան» հոգևոր տեսուչ Տ. Առաքել քահանա Ամիրյանը, դիմելով ներկաներին,ասաց․ «Սա տիկին Համբարձումյանի առաջին միջոցառումն էր և այն իր ձևի, ոճի մեջ շատ գեղեցիկ էր։ Այս բեմից «Հայր մերն» առաջին անգամ լսվեց հունարեն և ասորերեն և պարզ դարձավ, թե ինչպիսին էր հայ ժողովրդի աղոթքն առանց հայ գրի։ Որպես նոր ուսուցչուհի՝ այս միջոցառմամբ Ձեր տոնամուտը նշեցիք։ Ինչի կապակցությամբ ես Ձեզ շնորհավորում եմ»։
«Եղիցի լույս» խորագրով միջոցառմամբ՝ այս տարի կրթօջախ ընդունված շուրջ երեք հարյուր սաները՝ դասարաններում իրենց ուսուցչուհիներից գրի կարևորությունը լսելուց հետո, այն հերթական անգամ վերակարևորեցին։ Բեմում և դահլիճում գտնվող սաներից շատերը օտար լեզվի կրողներ էին, ովքեր իրենց կյանքի երրորդ տասնամյակում՝ կարևորելով հայերենի իմացությունը, ձեռամուխ են եղել այդ հաճելի և օգտակար գործին։
Արմինե Կարեյան, Մոսկվա