«Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի Ներսես Շնորհալու անվան երգչախումբն այցելեց Ախալցխա

Երգչախումբը Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հանդես եկավ մի շարք հոգեւոր եւ ժողովրդական երգերի կատարմամբ:Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց հետո «Հայարտուն» երիտասարդական մշակութային կենտրոնի «Ներսես Շնորհալի» հոգեւոր երգչախումբը այցելեց Ախալցխայի Հայկական Կրթամշակութային Կենտրոն, որտեղ երկու կենտրոնների երիտասարդները առիթ ունեցան ծանոթանալու միմյանց հետ:
Ինչպես հայտնում է Akhaltskha.Net-ը, Ախալցխայի Երիտասարդական կենտրոնի գործունեության համակարգող Էդուարդ Այվազյանը ողջունեց հյուրերի այցը Ախալցխա, հատկապես երիտասարդական կենտրոն, կարեւորելով երկու կենտրոնների միջեւ համագործակցության աշխուժացումը: Նրա խոսքերով՝ շատ կարեւոր են նման փոխայցելությունները, որոնց ընթացքում երիտասարդները առիթ են ունենում ծանոթանալու միմյանց հետ, ինչի ընթացքում երիտասարդների միջեւ առաջանում է կենդանի կապ:
«Հայարտուն» երիտասարդական մշակութային կենտրոնի տնօրեն Լեւոն Չիդիլյանը նվիրեց Ախալցխայի երիտասարդական կենտրոնին գրքեր, որոնց թվում նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու պատմության դասագրքեր ու մի քանի ուսուցողական ձայնասկավառակներ:
«Հայարտուն» երիտասարդական մշակութային կենտրոնի «Ներսես Շնորհալի» հոգեւոր երգչախմբի երիտասարդները Ախալցխայի երիտասարդական կենտրոնի երիտասարդների հետ միասին երգեցին ժողովրդական երգեր:
Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային Կենտրոնի պարի ավագ խմբակի սաները հյուրերին ցուցադրեցին իրենց սովորած պարերից մի քանիսը:
Երիտասարդական կենտրոնից հյուրերը ուղեւորվեցին Սբ. Նշան եկեղեցի, որից հետո այցելեցին Վահրամ Գայֆեջյանի անվան ստեղծագործողների միություն: