Երուսաղեմի հայկական թաղամասի պահպանության համար աճուրդի են հանվել Էլիա Գահվեջյանի աշխատանքները

Երուսաղեմի հայկական թողամասի պահպանությանը նվիրված Save the ArQ նախաձեռնության կողմից Չիկագոյում կազմակերպված դրամահավաք-միջոցառմանը աճուրդի են հանվել Երուսաղեմցի լուսանկարիչ, Հայոց ցեղասպանությունը վերապրած Էլիա Գահվեջյանի
աշխատանքները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` աճուրդին ներկայացված լուսանկարները եղել են հայտնի լուսանկարչի 3 հազար աշխատանքներից բաղկացած
հավաքածուից: Դրանց մի մասը նվիրաբերվել էր մեծանուն լուսանկարչի որդու ` Գևորդ Գահվեջյանի կողմից:
«Այս միջոցառումը մեզ հիշեցրեց, որ հայկական ինքնությունը կապված չէ միայն մեր համայնքի կամ Հայաստանի հետ, այն նշանակում է լինել վերազգային մշակութային միության մի մասը: Եվ Երուսաղեմի հայկական համայնքը դրա մի մասնիկն է, իրականում` շատ կարևոր մասնիկը: Հայերը Երուսաղեմում ապրել են 1500 տարուց ավելի և շարունակում են կարևոր դեր խաղալ քաղաքում: Բոլոր հայերը պետք է հպարտ լինեն այդ ժառանգության համար: Եվ որպես հայեր, որպես քրիստոնյաներ` մենք պետք է ուղիներ գտնենք այս կամ այն կերպ մեզ նվիրելու Երուսաղեմի հայկական թաղամասի պահպանման և վերականգման գործին»,- նշել է միջոցառման մասնակիցներից պրոֆեսոր Ռեյչել Գոշգարյանը:
Երուսաղեմցի հայազգի հայտնի լուսանկարիչ Էլիա Գահվեջյանը ծնվել է 1910 թվականին, Ուրֆա քաղաքում: Հայոց ցեղասպանության ժամանակ սպանվել են փոքրիկ Էլիայի ծնողները և որբուկին փրկել է Մերձավոր Արևելքի Նպաստամատույցը և տեղավորել Նազարեթի հայկական որբանոցում: Երուսաղեմի որբանոց ուղարկվելուց հետո Գահվեջյանը խորը հետաքրքրություն է ցուցաբերում լուսանկարչության հանդեպ: Տարիների ընթացքում յուրօրինակ արվեստագիտական ոճ է զարգացնում, որի շնորհիվ էլ դառնում է Բրիտանական մանդատի տակ գտնվող Պաղեստինի ամենակարևոր լուսանկարիչը:
Գահվեջյանի առանձնահատկությունը կայանում է Պաղեստինի առօրյա կյանքի սրտառուչ պահերն որսալու կարողության մեջ: