Բակո Սահակյանը հրավիրել է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներին այցելել Արցախ (տեսանյութ)

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Մինսկի խմբի համանախագահների միջոցով հրավեր է ուղարկել Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահներին՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, համանախագահների հետ այցելելու Արցախ:
Այս մասին նախագահ Բակո Սահակյանը նշել է «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում, գրում է aparaj.am-ը:
«Մեր կարծիքով, համանախագահ երկրների առաջնորդնորը չեն կարող լրջագույն հաջողությունների հասնել՝ զբաղվելով մի երկրի, մի ժողովրդի ճակատագրով առանց անմիջական շփումներ ունենալու այդ երկրի հետ: Այսօր էլ գտնում ենք, որ միջազգային հանրության իրականացվող աշխատանքներում ամենամեծ բացերից մեկը կայանում է դրանում»,- ասել է Բակո Սահակյանը:
Իսկ պատասխանելով տարածքների վերադարձի մասին հարցին նախագահը նշել է, որ Արցախի բոլոր տարածքները՝ այդ թվում նաեւ նրանք, որ Մադրիդյան սկզբունքների համաձայն առաջարկվում է տալ Ադրբեջանին, ամրագրված են ԼՂՀ Սահմանադրությամբ, իսկ Սահմանադրության կետի վերանայմնա իրավունքը տրված է միայն Արցախի բնակչությանը:
Ստորեւ Ձեզ ենք ներկայացնում «Ամերիկայի Ձայնի»-ի Արցախի մասին նկարահանված «Խաղաղ կյանքը պատերազմի ուրվականների կողքին» ֆիլմը: