Լալա Շահինյան. «Սփյուռքում ամեն ինչ անում ենք, որ երեխաները մայրենի լեզուն չմոռանան…»
Նիդեռլանդների Ալմելո քաղաքի Հայ Առաքելական Եկեղեցու «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի և Երևանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի մինչև համագործակցության համաձայնագիր է կնքվել:
Այս ամենի մասին «Հայերն Այսօրը» զրուցեց Ալմելոյի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Լալա Շահինյանի և Երևանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Իռեն Հակոբյանի հետ:
–Տիկի՛ն Շահինյան, պատմեք խնդրում եմ, Ալմելոյի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի մասին…
– Կրթօջախն արդեն տասը տարվա պատմություն ունի: Այստեղ աշխատանքերը կենտրոնացված են օտարության մեջ գտնվող հայ երեխաներին հայոց լեզուն սովորեցնելու ուղղությամբ: Մեր աշխատակազմի գլխավոր նպատակը նրանց հայեցի դաստիարակություն տալն է, որի մի մասն է կազմում սեփական լեզվին տիրապետելը: Սփյուռքում ամեն ինչ անում ենք, որ երեխաները մայրենի լեզուն չմոռանան: Բարձր դասարաններում նաև Հայոց պատմություն և Հայ Եկեղեցու պատմություն են սովորում: Նիդեռլանդներում կարելի է ասել՝ ամենօրյա պայքարի մեջ ենք, որպեսզի հնարավորինս շատ երեխաներ ընդգրկենք դպրոցում. հայտարարություններ ենք տարածում, շրջայցեր կատարում հայ ընտանիքներում, զրուցում ծնողների հետ, որպեսզի իրենց երեխաներին բերեն հայերենը սերտելու: Պետք է ասեմ, որ այս ամենի մեջ մեծ ավանդ ունեն Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վարչությունը և հոգևոր հովիվ Տ. Մաշտոց քահանա Բաղդասարյանը: Նա նույնպես այցելում է ընտանիքներ և քարոզում ծնողներին, որ իրենց երեխաների ինքնությունը պահպանելու համար նրանց հայկական դպրոց տանեն: Այսօր արդեն համատեղ աշխատանքի շնորհիվ մեր դպրոցը 200 աշակերտ ունի՝ վեց դասարաններով:
Այս առիթով ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր դպրոցի տնօրենին՝ Մանուկ Մկրտչյանին, ով բոլոր հարցերում միշտ մեր կողքին է և ոչինչ չի խնայում դպրոցի զարգացման ու բարելավման համար։
Դասարանները անվանակոչել ենք հայկական պատմական տարբեր հերոսների անուններով՝ Սասունցի Դավիթ, Տիգրան Մեծ և այլն: Այս միջոցով նույնպես ցանկանում ենք նրանց ծանոթացնել հայոց պատմությանը և ճանաչելի դարձնել այդ անուններին:
–Տիկի՛ն Հակոբյան, ինչպե՞ս ծնվեց համագործակցության գաղափարը, և կնքված համաձայնագիրը փոխադարձ պարտավորությունների ի՞նչ կետեր է ներառում իր մեջ:
-Համաձայնագիրը կնքվել է այս տարվա ամռանը: Մեզ համար մեծ պատիվ էր ՀՀ սփյուռքի նախարարության կողմից առաջարկը ստանալու և Ալմելոյի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի հետ համագործակցելու համար: Այսօր արդեն ուսումնական հաստատությունները քույր դպրոցներ են համարվում: Համաձայանգիրը հետևյալ կետերն է ներառում. համատեղ ուսումնական, կրթական ծրագրերի իրականացում, որտեղ պետք է կատարվեն փորձի փոխանակումներ Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի կողմից: Բացի այդ, Հայաստան-Սփյուռք գործակցության շրջանակներում կրթական, մշակութային տեղեկատվությունների փոխանցումներ կկատարվեն: Հաջորդիվ աշակերտների, ուսուցիչների ծանոթությունների նպատակով փոխայցելություններ կլինեն, որոնց իրագործման համար ծրագրեր են մշակվում: Կարևորում եմ հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության, հայ մշակույթի առարկայական դասընթացների ուղղությամբ տարվող աշխատանքները, քանի որ սփյուռքում այդ ամենի կարիքը շատ է զգացվում: Նշեմ, որ համաձայնագրի մեջ ունենք կետեր, որոնք պահանջում են ուսուցիչների վերապատրաստում առցանց հեռահաղորդակցության միջոցով,ինչպես նաև հեռավար բաց դասեր, թեմատիկ տեսաժողովներ, կլոր սեղան քննարկումներ: Իսկ աշակերտների շփումը իրար հետ նույնպես կազմակերպվելու է համացանցի միջոցով: Մեր քույր դպրոցին արդեն տրամադրել ենք մեթոդական ձեռնարկներ, տետրեր, միջոցառումների պատրաստման սցենարներ: Պետք է ապահովենք այս դպրոցի աշակերտների ակտիվ մասնակցությունը ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող ծրագրերին, ինչպիսիք են «Արի տուն»-ը, «Սփյուռք» ամառային դպրոցը և մյուսները:
Առհասարակ, կարծում եմ՝ օգտակար և անհրաժեշտ է այս համագործակցությունը: Մենք պարտավոր ենք օգնության ձեռք մեկնել մեր հայրենակիցներին, խթանել, ոգևորել հայապահպանությանն ուղղված նրանց բոլոր ձեռնարկները: Այս գործում անուրանալի է ՀՀ սփյուռքի նախարարության դերը:
Տեսնելով այս գերատեսչության սրտացավ վերաբերմունքը հայապահպանության խնդրին՝ ինքս ոգևորվում եմ և ցանկանում այդ գործի մասնակիցը դառնալ: Այդպես, արդեն «Արի տուն» ծրագրի տարբեր տարիներից յոթ սփյուռքահայ երեխա եմ հյուրընկալել իմ տանը: Շատ ջերմ հարաբերություններ ձևավորեցինք միմյանց հետ և կապն առ այսօր շարունակում ենք պահպանել:
Շատ ուրախ եմ, որ Ալմելոյի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի հետ այս համագործակցությունը կայացավ և հիմա ընթացքի մեջ է:
-Տիկի՛ն Շահինյան, որևէ խոսք ունե՞ք ավելացնելու այս ամենի հետ կապված:
-Ասեմ, որ մինչ համաձայնագրի կնքումը Երևանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի մասին գովասանքի բազում խոսքեր էինք լսել:Գիտեինք՝ պատմական մեծ անցյալ ունեցող դպրոց է, որտեղ Խաչատուր Աբովյանը կազմավորման առաջին տարիներին դպրոցի տեսուչն է եղել: Գալով դպրոց, տեսնելով տնօրեն-ուսուցիչ-աշակերտ ջերմ հարաբերությունը՝ համոզվեցի այդ հարցում: Հիմա վստահ կարող եմ ասել, որ շատ բան կսովորենք այս դպրոցից: Շնորհակալ ենք ՀՀ սփյուռքի նախարարությանը, հատկապես նախարար Հրանուշ Հակոբյանին մեր հանդեպ ունեցած ուշադրության համար, միշտ զգացել ենք նրա հոգատարությունը: Երբ 2012թվականին ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության կողմից կազմակերպվող ամենամյա մրցանակաբաշխությանը «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2-րդ կարգի մրցանակ ստացանք, շատ ոգևորվեցինք և սկսեցինք դրական լիցքերով շարունակել մեր աշխատանքը:
Վերջում մի հետաքրքիր պատմություն եմ ուզում պատմել. մեր դպրոցի աշակերտներից մեկը հայերեն սովորելուց հետո դադարեցրեց դասընթացների հաճախումը: Հետո նա եկավ Հայաստան՝ «Արի տուն » ծրագրին մասնակցելու համար: Վերադառնալով Ալմելո՝ հայրենասիրությամբ լցված որոշեց շարունակել հայերենի դասերը, և իր հետ դպրոցում սովորելու նպատակով երեք հայ ընկերներին էր բերել: Տպավորված եմ շատ այս պատմությունից…
Զրուցեց Գևորգ Չիչյանը