Աթենքում տեղի է ունեցել իտալահայ գրող Վազգեն Բերբերյանի «Անտարբեր երկնքի տակ» վեպի շնորհանդեսը

Հունաստանում ՀՀ դեսպանությունում հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել իտալահայ գրող Վազգեն Բերբերյանի «Sotto un cielo indifferente» («Անտարբեր երկնքի տակ») վեպի շնորհանդեսը:

Միջոցառմանը մասնակցել են հունահայ համայնքային, հոգևոր և մշակութային հաստատությունների, հույն մշակութային և կրթական շրջանակների ներկայացուցիչներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ողջույնի խոսքով է հանդես եկել դեսպանության երրորդ քարտուղար Մարիամ Հարությունյանը, ով շնորհակալություն է հայտնել հեղինակին` հայկական արմատներին, լեզվին և մշակույթին հավատարիմ մնալու համար:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հունաստանյան մասնաճյուղի փոխնախագահ Պետրոս Կասարջյանը
համառոտ ակնարկ է ներկայացրել հայ թարգմանչական արվեստի և առաջին հայ թարգմանիչների մասին: Այնուհետև
խոսվել է վեպի կառուցվածքի և սյուժեի, գլխավոր հերոսների և հեղինակի ոճի մասին:

Հիմնական բանախոսների ելույթներին հետևել է վեպից հունարեն, իտալերեն և հայերեն հատվածների ընթերցում, իսկ
հեղինակի արժեքավոր մեկնաբանությունները ներկաներին հնարավորություն են ընձեռել վեպի հերոսների ապրածով և
զգացածով պատկերացում կազմել անցյալ դարասկզբին հայ ժողովրդին բաժին հասած փորձությունների մասին:

Դասախոս Սոֆյա Կոնստան ներկայացրել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան հայկական վարժարանի պատմությունն ու
գործունեությունը, ինչպես նաև Մխիթարյան միաբանության անգնահատելի դերը` իբրև հայկական մշակույթի առաջատար
կենտրոն աշխարհում:

Դաշնակահարուհի Քրիստինե Թոքատլյանի կատարմամբ հնչել են Ռախմանինովի ստեղծագործություններից: Կիթառահար
Ջորջ Թոշիկյանը ներկայացրել է Հակոբ Քոլանյանի` հայկական ժողովրդական պարեղանակների մշակումներ կիթառի
համար: Երգիչ Ստեփան Թեքիրյանի կատարմամբ հնչել է Շահազիզի «Երազը»` Կոմիտասի երաժշտությամբ` հայերեն և
հունարեն տարբերակներով:

Վազգեն Բերբերյանը ծնվել է Հունաստանում: Կրթություն է ստացել Կանադայում` իբրև ինժեներ, իսկ 1985թ. տեղափոխվել
է Իտալիա և ներկայումս բնակվում է Աթենք և Թուրին քաղաքներում: Հեռուստատեսային և գովազդային ռեժիսոր
Բերբերյանի առաջին գրական փորձը Սոնյա Ռաուլի հետ համահեղինակած «Come sabbia nel vento» («Ինչպես քամուն
տրված ավազ») վեպն է, որը ներկայացնում է Սպիտակի երկրաշարժից փրկված հայ կնոջ և հեռավոր Միլանում նրան
ապաստանած իտալուհի լրագրողի ընկերության պատմությունը: 2013թ. հրատարակված Բերբերյանի երկրորդ` «Sotto un
cielo indifferente» պատմավեպը ներկայացնում է Հունաստանում հանգրվանած, Եղեռնից մազապուրծ հայ ընտանիքի
երկվորյակ որդիների կյանքի պատմությունը, որոնց ճակատագիրը բաժանում է մանուկ հասակում և նետում տարբեր
ափեր` Պատրասից մինչև Վենետիկ, Կանադայից մինչև Խորհրդային Հայաստան ու Սիբիր: Մեկ ընտանիքի պատմության
նկարագրությամբ հեղինակին հաջողվել է նաև ներկայացնել մի ամբողջ ժողովրդի պատմություն` գրեթե մեկ դար ընդգրկող
ժամանակահատվածում: Բերբերյանի ստեղծագործությունն իրապես սիրվել է իտալացի ընթերցողի կողմից, ինչի
վկայությունն են վեպը ներկայացնող բազում հոդվածները իտալական հեղինակավոր «La Stampa», «Լ’Avvenire, il Libero» և
այլ պարբերականներում, բազմաթիվ գրքի ցուցահանդեսներում հեղինակի մասնակցությունը և գրքի շնորհանդեսները
տարբեր քաղաքներում: Բոլորովին վերջերս նրան շնորհված «Acqui Storia» մրցանակը` «Լավագույն պատմավեպ»
անվանակարգում, հաստատում է Բերբերյանի ուրույն տեղն ու դերը իտալահայ գրականության համայնապատկերում:

Scroll Up