Դեսինի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի գլխավորած պատվիրակությունն այցելեց ՀՀ սփյուռքի նախարարություն

Հոկտեմբերի 13-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուրընկալվեց Ֆրանսիայի Հանրապետության Դեսին քաղաքի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էր Դեսինի մշակույթի և արտաքին հարաբերությունների գծով հայազգի փոխքաղաքապետ Դենի Ժորկայեֆը:
Ողջունելով Դեսինի քաղաքապետին՝ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ս.Սրապիոնյանը բարձր գնահատեց Ֆրանսիայի հայաշատ քաղաքներից մեկի՝ Դեսինի ղեկավարության դերը Հայոց Ցեղասպանության ճանաչման գործում: Նա մասնավորապես նշեց. «Ձեր փոքր քաղաքում, որտեղ ապրում է ավելի քան 2500 հայ, գործում են հայ ազգային կուսակցություններ, հայրենակցական միություններ, ՀԲԸՄ-ի, ֆրանսահայ Կապույտ խաչի, ԺԱՖ-ի կազմակերպությունները, շաբաթօրյա վարժարաններ, Ս.Աստվածածին եկեղեցին և այլն: Նաև Ձեր քաղաքը Հայաստանի գեղեցիկ քաղաքներից մեկի՝ Ստեփանավանի քույր-քաղաքն է: Այս ամենը վկայում են այն մասին, որ Դեսինը շատ մոտ է դարձել Հայաստանին: Մեզ համար կարևոր է այն փաստը, որ 50 տարի առաջ ամբողջ Եվրոպայում առաջինը Դեսինում է տեղադրվել Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանը, իսկ հայկական եկեղեցուն կից փողոցն անվանվել է «Ապրիլ 24, 1915»: Սա խոսում է այն մասին, որ մենք մեր վշտի մեջ մենակ չենք»:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Լորանս Ֆոտրան նշեց, որ իր համար նույնպես մեծ ուրախոթւյուն է գտնվել Երևանի նման հինավուրց քաղաքի ծննդյան 2796-ամյակին: «Ես ինձ մշտապես լավ եմ զգում Հայաստանում: Այս անգամ այցելեցի Խոր Վիրապ և տպավորված եմ թե՛ կառույցի, և թե՛ Լուսավորչի մասին ավանդազրույցի պատմությամբ», – ընդգծեց Դեսինի քաղաքապետը և խնդրեց իր ջերմ ողջույնները փոխանցել տիկին նախարարին: Նա հավելեց, որ իրենց քաղաքի պատվիրակությունը 2015 թվականի ապրիլին կլինի Հայաստանում՝ վերհիշելու Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Տիկին Ֆոտրան հպարտությամբ նշեց, որ ինքը դեռ մինչև քաղաքապետ դառնալը պատիվ է ունեցել ճանաչելու ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, որի հմայքն ու ջերմությունը, համակրական վերաբերմունքը իր անձի նկատմամբ փոխանցվեց հայ համայնքին, ինչն էլ շատ չափով իրեն ուժ տվեց պայքարելու քաղաքապետի պաշտոնում ընտրվելիս:
ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալը Դեսինի քաղաքապետին ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերը, հյուրերին նվիրեց «Ցավի, հիշողության և պայքարի կոթողներ» խորագրով պատկերագիրքը:
Ս.Սրապիոնյանը նշեց, որ փոխքաղաքապետ Դենի Ժորկայեֆը աշխարհահռչակ ֆրանսահայ ֆուտբոլիստ Յուրի Ժորկայեֆի եղբայրն է, ում Հայաստանում շատ սիրում են, քանի որ 1998թ. Ժորկայեֆի մասնակցությամբ ֆրանսիայի հավաքականը դարձավ աշխարհի չեմպիոն:
Փոխքաղաքապետ Դենի Ժորկայեֆը հավաստիացրեց, որ Նյու Յորքում ապրող հայազգի ֆուտբոլիստը սերտ համագործակցում է տեղի հայ համայնքի հետ, Հայ դատի մեծ պաշտպանն է և պատրաստվում է 2015թ. ապրիլին այցելել Հայրենիք:
Քննարկվեցին համատեղ ծրագրեր իրականացնելուն վերաբերող հարցեր: