Ռոբերտ Գեդիկյանը Ցեղասպանության 100-ամյակին նոր ֆիլմ կներկայացնի

Հայկական ծագմամբ ֆրանսիացի հայտնի ռեժիսոր Ռոբերտ Գեդիկյանի նոր ֆիլմը նվիրված է Հայոց ցեղասպանությանը:
Ըստ VegaMediaPress-ի՝ «Մի խենթ պատմություն» («Histoire de fou») աշխատանքային անվանումով ժապավենը նկարահանվում է ողբերգարական իրադարձությունների 100-րդ տարելիցին ընդառաջ: Դրանում ռեժիսորն անդրադառնում է «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի» (ASALA) գործունեությանը: Նրա խոսքով՝ ֆիլմի ստեղծման հարցում իրեն ոգեշնչել են իսպանացի հայտնի գրող եւ լրագրող Խոսե Անտոնիո Գուրիարանի կյանքն ու գործունեությունը, գրում է News.am-ը:
Գուրիարանը 1980 թվականին ծանր վիրավորվել է ԱՍԱԼԱ-ի մարտիկների կողմից Մադրիդում տեղադրված ռումբի պայթյունի հետեւանքով: Նրանց դատապարտելու փոխարեն, սակայն, նա փորձել է հասկանալ, թե որն է եղել շարժառիթը:
Դեռեւս հիվանդանոցում գտնվելու ընթացքում Գուրիարանը սկսել է պայթյունների գործերի մասին հոդվածներ եւ հայ ժողովրդի պատմության մասին գրքեր կարդալ: 1982 թվականին նա փնտրել է ԱՍԱԼԱ-ի առաջնորդներ Մոնթե Մելքոնյանին ու Ալեք Ենիգոմշյանին, եւ նրանց հետ հանդիպել Լիբանանում:
Այդ իրադարձությունից կարճ ժամանակ անց լրագրողը հրատարակել է «La Bomba» գիրքը, որտեղ սեփական կյանքի պատմությունը համատեղել է հայ ժողովրդի ողբերգական պատմության հետ: