ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Արգենտինահայ մշակութային միության նախագահ Ադրիան Լոմլոմջյանին

Սեպտեմբերի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Արգենտինահայ մշակութային միության նախագահ Ադրիան Լոմլոմջյանին:

Նախարարը բարձր գնահատեց տասնամյակներ շարունակ Արգենտինահայ մշակութային միության ջանքերն՝ ուղղված համայնքում հայապահպան գործունեությունն արդյունավետ իրականացնելուն:

«Ձեր ծնողները նույնպես Հայոց Ցեղասպանություն վերապրածների զավակներ են, ովքեր Մարաշից գաղթելով՝ նախ հաստատվել են Հալեպում, այնուհետեւ տեղափոխվել Արգենտինա: Ուրախ եմ, որ Դուք ամեն ինչ անում եք մեր երիտասարդներին հայեցի դաստիարակություն տալու գործում, – նշեց նախարար Հրանուշ Հակոբյանը՝ հավելելով, – Հայաստանցի հանդիսատեսը մշտապես բարձր ծափերով է ընդունում միությանը կից գործող «Գայանե» պարախմբի ելույթները Հայրենիքում»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ադրիան Լոմլոմջյանը ներկայացրեց արգենտինահայ համայնքի առջև ծառացած ներկա խնդիրները՝ նշելով, որ իրենց միությունը ջանք ու եռանդ չի խնայում համայնքի միասնականությունը պահպանելու գործում:

ՀՀ սփյուռքի նախարարը Արգենտինահայ մշակութային միության նախագահին ներկայացրեց «Նոր Հալեպ» թաղամասի կառուցման ծրագիրը և հույս հայտնեց, որ համայնքը հնարավորինս ակտիվ մասնակցել սիրիահայերի համար կառուցվող թաղամասի աջակցության ծրագրին:

Քննարկվեցին «Հայրենիք-Սփյուռք» 5-րդ համահայկական համաժողովի արդյունքում հրապարակված համատեղ հայտարարության կետերը Արգենտինայի հայ համայնքում կյանքի կոչելուն ուղղված հարցեր:

Scroll Up