Սփյուռքի նախարարն ընդունեց Սան Պաոլո քաղաքի Հայ Դատի գրասենյակի փոխնախագահ Գեւորգ Զատիկյանին

Սեպտեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Բրազիլիայի Սան Պաոլո քաղաքի Հայ Դատի գրասենյակի  փոխնախագահ Գեւորգ Զատիկյանին:

Գեւորգ Զատիկյանը շնորհակալություն հայտնեց «Հայրենիք-Սփյուռք» 5-րդ համահայկական համաժողովին մասնակցության հրավեր ստանալու եւ ջերմ ընդունելության համար: «Շատ կարեւոր էր, որ ձայնի իրավունք ստացան բոլոր ցանկացողները եւ վեր բարձրացվեցին համայնքային խնդիրներ, ուղենշվեցին դրանց լուծման ճանապարնհներ», – նշեց Սան Պաոլո քաղաքի Հայ Դատի գրասենյակի փոխնախագահը:

ՀՀ սփյուռքի նախարարն ուրախությամբ նշեց, որ համաժողովի ավելի քան 1000 մասնակիցները Հայրենիքում գտնվելու կարճ ժամանակահատվածում հաջողությամբ հասցրին խտացված օրակարգով հանդիպել պաշտոնատար անձանց հետ, այցելել Էջմիածին, Եռաբլուր եւ Հայոց Ցեղասպանության հուշահամալիր՝ միեւնույն ժամանակ քննարկելով իրենց հուզող բոլոր հարցերը:

Սան Պաոլո քաղաքի Հայ Դատի գրասենյկի փոխնախագահը խոսեց Սան Պաոլոյի հայ համայնքի խնդիրների, ինչպես նաեւ Հայրենիք-Սփյուռք կապերի մերձեցման մասին: Նշվեց, որ հեռավոր Բրազիլիայի Սան Պաոլո քաղաքում մեծաթիվ հայեր զբաղվում են կոշիկի առքուվաճառքով եւ մեծ ցանկություն ունեն ստեղծել կոշիկի առեւտրով զբաղվող հայկական միություն կամ ցանց, որը հնարավոր բոլոր տարբերակներով կօգնի եւ կաջակցի Հայրենիքին: 

Գեւորգ Զատիկյանը ցավով անդրադարձավ համայնքի հայկական դպրոցում հայերենի ուսուցմանը վերաբերող խնդիրներին:

Երկուստեք կարեւորվեց Հայաստանից հայերենի ուսուցչի գործուղման անհրաժեշտությունը:

Բարձր գնահատելով Սան Պաոլո քաղաքի հայության ինքնակազմակերպան եւ Հայրենիքին աջակցելու ցանկությունը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ ՀՀ սփյուռքի նախարարությունն ամեն ինչ կանի համայնքի ծրագրերի իրականացմանն աջակեցալու  համար:

Scroll Up