Ժիրայր Ռէիսեան. «Մի՞թե ապտակով են պատասխանում նրան, ով երախտագիտություն է հայտնում…»
Սեպտեմբերի 21-ին Դեր Զորի Սրբոց Նահատակաց հուշահամալիրը, որտեղ ամփոփված են Հայոց ցեղասպանության զոհերի մասունքները, պայթեցվել է ISIS գրոհայինների կողմից: Անմիջապես տարբեր մեկնաբանություններ, հայտարարություններ հնչեցին:
Այս օրերին Հայաստանում է Բերիո Հայոց թեմի մամուլի քարտուղար, Սիրիայի Հայ Առաքելական, Կաթողիկե և Ավետարանական համայնքների ընդհանուր խոսնակ Ժիրայր Ռէիսեանը, ով «Հայերն այսօրի» հետ զրույցում մեկնաբանեց այս բռնարարքը.
«Դեր Զորի Սրբոց Նահատակաց հուշահամալիրի պայթեցման մասին չեմ կարող որևէ ճշգրիտ բան ասել, որովհետև լուրը տարածել են արաբական լրատվական ծառայությունները: Պատահածի մասին հայտարարություններ են եղել, բայց որևէ լուսանկար, տեսանյութ չկա: Այնքան ժամանակ, մինչև ուղղակիորեն չտեսնենք, թե ինչ է պատահել, դեպքի տարողության մասին դժվար է մեկնաբանություններ անել: Սակայն, որպես իրողություն, այս արարքը որևէ ձևով չի կարող արդարացվել:
Աշխարհի վրա չկա մեկը, ով նման արարքին արդարացում կարող է գտնել: Նշեմ ընդամենը երեք պատճառ:
Առաջին՝ ինչպես հայտարարվում է, եկեղեցին պայթեցրել են իսլամ ծայրահեղական, արմատական խմբավորումները, այսինքն, ISIS գրոհայինները:
Եթե իրոք այդպես է, ապա որևէ իսկական իսլամիստ, հավատացյալ չի կարող Աստծո տունը քանդելն ընդունել:
Երկրորդ՝ եթե արաբի աչքերով նայենք կատարվածին, ապա Սրբոց Նահատակացը ոչ միայն Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված եկեղեցի է, այլև` հուշահամալիր է, որի բազմաթիվ որմնաքանդակները փաստում են հայ և արաբ ժողովուրդների բարեկամությունը: Արտահայտում հայ ժողովրդի երախտագիտությունը բոլոր նրանց հանդեպ, ովքեր Եղեռնի ծանր օրերին, տարագրության պահին օգնության ձեռք մեկնեցին, օթևանեցին մեր ժողովրդի զավակներին: Մի՞թե ապտակով են պատասխանում նրան, ով երախտագիտություն, շնորհակալություն է հայտնում. անհավատալի և անբնական է:
Երրորդ՝ հստակ է հուշահամալիրի անունը՝ Նահատակաց: Նահատակը հա՞յ է, արա՞բ է, նա ինչ ազգի որ պատկանի, չկա մի ազգ, ժողովուրդ, կրոն, որը չմեծարի նահատակին:
Հողաշեն մատուռի տակ, որտեղ ավելի ուշ կառուցվել է հուշահամալիրը, թաղված են Դեր Զորի անապատի ավազների վրայից հավաքված մեր նահատակների ոսկորների, աճյունների մի մասը:
Մատուռի ներքնահարկում գտնվող ցուցասենյակում ներկայացված են Հայոց ցեղասպանությանը նվիրված գրքեր, վավերաթղթեր: Իսկ ապակեպատ ցուցափեղկում ամփոփված են նահատակների ոսկորները, գանգերը, աճյունները: Մարդկային, միջազգային, միջկրոնական նորմերից դուրս է, որ որևէ մեկը կարող է անտեսել այս չափանիշները և անարգել՝ պայթեցնելով նահատակների աճյուններ ընդգրկող կենտրոնը»:
Իսկ «Հայերն այսօրի» այն հարցին, թե կա տեղեկություն, որ նահատակների մասունքները տեղափոխվել են ավելի ապահով վայր, Ժիրայր Ռէիսեանը պատասխանեց.
«Ազգային իշխանությունը հիմնական, կարևոր բաժինները կարող է ապահով վայր տեղափոխել: Բայց եկեղեցու հիմքում ամփոփված աճյուններն ինչպե՞ս կարող են փոխադրվել: Եվ վերջապես. Սրբոց Նահատակաց հուշահամալիրն իր խորհրդանշական իրականությամբ է արժևորվում»:
Պատրաստեց Լուսինե Աբրահամյանը