«Դուդուկի փառատոնի» մասնակիցներն այցելեցին Սփյուռքի նախարարություն

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում «Դուդուկի փառատոն»-ի մասնակիցներին: Հանդիպմանը ներկա էր նաև գեղարվեստական ղեկավար Գևորգ Դաբաղյանը:

 

Նախարարը ողջունեց հյուրերին և նշեց, որ մշակութային միջոցառումները նախարարության ուշադրության կենտրոնում են, քանի  որ մշակույթը համախմբում է երիտասարդությանը: Մենք ոչ միայն 100-ավոր մշակութային խմբեր ունենք, այլև հայ մշակույթը կրող բազմաթիվ մեծ անհատականություններ, մեծերին ճանաչելով և արժևորելով, սփյուռքում սերունդները հայ են մնում:

 

«Դուք նպաստում եք, որ երաժշտության, դուդուկի լեզվով հայկական մշակույթը ճանաչելով ու սիրելով սփյուռքահայերը, և, ինչու ոչ, օտարազգիները դառնան հայ մշակույթի կրողներ: Դրա վառ վկայությունն է «Դուդուկի փառատոնին» գերմանացի երաժիշտներ Սյորեն Բիրկեի, Սիմոն Պաուլինի, Դիրկ Միխայիլիսի և Սանկտ Պետերբուրգում բնակվող ազգությամբ կորեացի Վալերի Նամի մասնակցությունը փառատոնին և երեկ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցած հանդիսավոր համերգի՝ նրանց հրաշալի կատարումները»,- ասաց նախարար Հրանուշ Հակոբյանը:

 

Գերմանացի երաժիշտ և պրոդյուսեր Սյորեն Բիրկեն նշեց, որ ինքը կապվեց հայ ժողովրդին ու նրա մշակույթին «Գլադիատոր» ֆիլմի և մեծ մաեստրո Ջիվան Գասպարյանի արվեստի շնորհիվ՝ ընդմիշտ սիրահարվելով դուդուկին և հայ երաժշտությանը: Նա մասնավորապես ասաց. «Հայ մշակույթի սերմն աճում է գերմանական հողում, իմ որդին ևս հետաքրքրվում է դուդուկով: Երբ 2006թ. առաջին անգամ լսեցի Կոմիտասի ձայնը, հասկացա, որ ես պետք է գամ Հայաստան»:

 

Սյորենը Բեռլինում կազմակերպել է Գևորգ Դաբաղյանի մենահամերգը, 2014թ. դեկտեմբերի 6-ին ևս Գևորգ Դաբաղյանը Բեռլինում հանդես կգա համերգով, որը նվիրվում է Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին:Այժմ ավարտին են մոտենում Ջիվան Գասպարյանին և դուդուկին նվիրված ֆիլմի աշխատանքները: «Դուդուկը զուտ հայկական գործիք է, այն հոգու թռչուն է, որ փոխանցում է ջերմության, տանը լինելու զգացողություն»,- եզրափակեց իր խոսքը գերմանացի երաժիշտը:

 

Կորեացի Վալերի Նամը ևս հմայվել է դուդուկով և եկել Հայաստան՝ աշակերտելու Գևորգ Դաբաղյանին և դարձել հայկական  երաժշտության սիրահարն ու ունկնդիրը: Վալերի Նամը քրիստոնեություն է ընդունել՝ կնքվելով Գեղարդի վանքում:

 

Քննարկվեց փառատոնի հետ կապված հարցեր:

Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար և վստահեցրին` զարգացնելու են հայ դուդուկահարների ավանդույթները, որ իրենք հնչեցնելու են դուդուկի մեղեդին:

Scroll Up