Հայաստանը 2015թ. կդառնա ցեղասպանությունների դեմ պայքարի միջազգային հարթակ. Վիգեն Սարգսյան

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ 2015թ.-ն, մեզ համար չպետք է դառնա սգո և ողբի տարի: Հայաստան-Սփյուռք 5-րդ
համաժողովի փակման արարողության ժամանակ իր ելույթում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

«Մենք դա թույլ չենք տա առաջին հերթին հենց այն պատճառով, որ դա է եղել մեզ կոտորողների երազն ու ցանկությունը՝ մեզ
վերածել վտարանդի, քոչվոր, լափող, ողբացող մարդկային զանգվածի՝ զրկելով մեզ ժողովուրդ կոչվելու շնորհից և հայրենի տուն ունենալու հնարավորությունից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սարգսյանը:
Նախագահի աշխատակազմի ղեկավարը ընդգծեց, որ նրանք չաչաչար ս0խալվել են իրենց հաշվարկներում, քանի որ աշխարհով մեկ սփռված հայությունը քոչվոր չդարձավ, մուրացկան չդարձավ, չբարոյազրկվեց, այլ համախմբվեց, ինչպես կարող է համախմբվել իմաստուն ժողովուրդը: «Ի՞նչ իմանային Էնվերն ու Թալեաթը, որ հայկական այգին ավերելով, աշխարհով մեկ են ցրում մի այնպիսի սերունդ, որից պիտի ծնվեին համաշխարհային մեծություններ, մարդիկ, ովքեր ակամայից պիտի դառնային հայոց դեսպաններ` դեսպաններ, որ պետություն չունեցող մի ժողովուրդ էին ներկայացնում, որ աշխարհին ասելու և տալու բան ունեին: Ի՞նչ իմանային նրանք, որ հայության իրենց կտրած ծառը վերաբողբոջելու է՝ ծաղկելով Արամ Խաչատրյաններով, Շառլ Ազնավուրներով, Հովհաննես Բաղրամյաններով, Վիլյամ Սարոյաններով: Եթե իմանային, հաստատ երկու անգամ կմտածեին դա անելուց առաջ»,- շեշտեց Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքով` համազգային ողբերգությունը չի կոտրել հայությանը, այլ կոփել և ուժեղացրել է: «Այն համախմբեց և մեզ բազմազան դարձրեց, այն ամրապնդեց հայկական ընտանիքը, ամրացրեց հայկական աշխարհի ներքին կապերը: Մենք սովորեցինք լինել մեկս մյուսին սատարող:

Հայաստանի առաջին Հանրապետությունը, հայրենադարձության երեք խոշոր ալիքներ ընդունած Խորհրդային Հայաստանը և մեր ժողովրդի դարերի երազանք՝ վաղը 23 տարեկան դարձող Հայաստանի անկախ հանրապետությունը դարձան հայապահպանության հզոր կենտրոններ, դարձան հայրենիք, որի շուրջ ամուր կանգնեց և հայացքը դեպի ապագա հառեց տարագիր հայ ժողովուրդը: Դա արհավիրքը վերապրած ու արյան ծովի միջից ապագային մարտահրավեր նետող հինավուրց ժողովրդի ապրելու հաստատուն մտադրության մասին վկայող հայացք էր»,- ասաց Սարգսյանը:
Նա ընդգծեց, որ Ծիծեռնակաբերդի բարձունքում ոգեկոչման ավանդական ծեսերին զուգընթաց հայ ժողովուրդը մեծարելու է նաև մեր ժողովրդին բարձրացնողներին և ճանաչելի դարձնողներին, տոնելու է անցնող հարյուրամյակի ձեռքբերումներն ու հաջողությունները:
Մանրամասները` Armenpress.am կայքում:

Scroll Up