Վերաբացվեց Լաս Վեգասի հայկական շաբաթօրյա դպրոցը

Սեպտեմբերի 13-ին  Լաս Վեգասի հայկական շաբաթօրյա նորակառույց դպրոցն իր դռները վերաբացեց ամերիկաբնակ հայ երեխաների առաջ:

Հայ օգնության միության և UCLA «Dream» («Երազանք») հիմնադրամի աջակցությամբ Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքի մոտ 60 հայ երեխա հնարավորություն կունենա ամեն շաբաթ հաճախելու A.R.S Shoushi Chapter հայկական շաբաթօրյա դպրոց: Իր գոյության 20-ամյա պատմության մեջ դասերը կանցկացվեն վերանորոգված մեծ ու լուսավոր դասարաններում:

Նորագույն տեխնոլոգիաներով վերազինված դպրոցը գործում է Լաս Վեգասի հայկական եկեղեցու` Սբ. Կարապետին (St. Garabet) կից մշակույթի կենտրոնում: Մինչ 2011թ. դպրոցի ուսուցիչները, չունենալով սեփական տանիք,  ստիպված էին հայ երեխաներին մայրենի լեզուն ուսուցանել առանձին վարձակալած տարածքներում: Դպրոցի տնօրեն Հուրի Դարակջյանի ողջույնի խոսքից, տերունական աղոթքն անելուց հետո սաները մեծ ոգևորությամբ ոտք դրեցին նոր վերանորոգած, կահավորած ու լուսավոր դասարաններ:

Շաբաթօրյա դպրոցում տարիներ ի վեր դասերն անցկացվել են միայն արևմտահայերենով, սակայն վերջին տարիներին հին սփյուռքի մեջ նորի ձևավորումը անհրաժեշտություն ստեղծեց ուսուցումն իրականացնել նաև արևելահայերենով: Երեխաներին, բացի հայերեն տառաճանաչ դարձնելը, դպրոցի տնօրինության նպատակը նախ և առաջ նրանց հայեցի դաստիարակություն տալն է, հայկական արմատներին ամուր պահելը, մեր ազգային տոներին ծանոթացնելը:

Սոնա Քոչարյան Լաս Վեգաս, ԱՄՆ 

Լուսանկարները՝ Սոնա Քոչարյանի

Pressident.am

Scroll Up