Բուենոս Այրեսում մերժվել է Ադրբեջանին նվիրված հրապարակի կառուցման նախագիծը

Բուենոս Այրեսի քաղաքային խորհուրդը մերժել է նախագիծը, որն առաջարկում էր քաղաքի Կոլրեին հատվածում Ադրբեջանի Հանրապետություն» անվանումով հրապարակ կառուցել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով PrensaArmenia.com-ը, օրենքի նախագիծը քննարկման առաջին իսկ վայրկյանից արժանացել է Արգենտինայի հայ համայնքի քննադատությանն ու նրանց ջանքերի եւ ակտիվության շնորհիվ հնարավոր է եղել բացահայտել Ադրբեջանի հորինած սուտն ու կեղծիքը:
Խնդիրն այն է, որ նախագիծը նվիրված էր Ադրբեջանի Հանրապետությանը, ի պատիվ այն բանի, թե իբր Հայաստանը,
Ադրբեջանին ներքաշելով Ղարաբաղյան պատերազմի մեջ, մթագնել է այդ երկրի անկախության առաջին տարիները: Սակայն վերջին տարիներին, Ադրբեջանը` որպես տարածաշրջանում խաղաղարար գործունեություն ծավալող պետություն, ամեն ջանք գործադրում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու եւ իր ժողովրդի համար տնտեսական եւ քաղաքական կայունություն ապահովելու համար:
Բուենոս Այրեսի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Կարոլինա Կարագյոզյանն առաջին է բարձրացրել հարցը` Բուենոս Այրեսի քաղաքային խորհրդի անդամներին ներկայացնելով իրական փաստեր Ադրբեջանի այսպես կոչված «ժողովրդավարության եւ խաղաղասիրության մասին»:
Կա մտավախություն, որ նման անմեղ նախագծով Ադրբեջանը ցանկանում է փրկել իր դեմքը, բարձրացնել վարկանիշն ու քողարկել մարդու իրավունքների մշտական խախտումները, որ կատարվում են այդ երկրում: Արգենտինայում Ադրբեջանի դեսպանատունը հատուկ բացվեց, որպեսզի նրանք կարողանային դիմակայել տեղի արգենտինահայերին, ովքեր ակտիվ պայքար են մղում մարդկության դեմ կատարվող հանցագործությունների դեմ»,- ասել է Կարագյոզյանը` հավելելով, որ թեպետ Ադրբեջանը ներկայացնում է, թե տարածաշրջանում խաղաղարար առաքելությամբ է հանդես գալիս, իրականում խոչընդոտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը, ովքեր ցանկանում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորել խաղաղ հիմունքներով:
«Բացի այդ, Ադրբեջանի նախագահը սեպտեմբերի 3-ին հայտարարեց, որ Թուրքիայի նախագահի հետ կշարունակի 2015թ. ընդառաջ զարգացնել այն սուտը, որ 100 տարի առաջ Հայոց ցեղասպանություն չի եղել: Նման հայտարարություններն ու նման դիրքորոշումը պետք է անընդունելի լինի Բուենոս Այրեսի համար: Բուենոս Այրեսը չի կարող ընդունել նման նախաձեռնությունն ու տուրք տալ ադրբեջանական քարոզչությանը, հատկապես այն ժամանակ, երբ քաղաքը նախապատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին»,- ասել է Կարագյոզյանը:
Նա հիշեցրել է, որ ադրբեջանի դիվանագետները նման նախագիծ ցանկանում էին իրականացնել երկու տարի առաջ Մեխիկոյում, որը սակայն տապալվեց: Իսկ 2010թ. ցանկանում էին Բուենոս Այրեսում տեղադրել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը, որը նույնպես արժանացավ կառավարության մերժմանը:
Հայ համայնքի բարձրացրած աղմուկից հետո Ադրբեջանի հրապարակի անվանակոչության նախագծի հեղինակ Ալեքսանդրա Կաբալերոն ներողություն է խնդրել եւ հայտարարել, որ ապագայում այդ նախագիծը այլեւս երբեք չի ներկայացնի քննարկման:
Մանրամասները՝ Armenpress.am կայքում: