Կյանք` կյանքից հետո

«Ոչ մի տեղ. աքսորի պատմություն» այսպես է կոչվում Բաքվում ծնված և այսօր Ամերիկայում հաստատված փաստաբան, գրող և դասախոս Աննա Աստվածատրյան-Տուրկոտի առաջին գիրքը, որը հրատարակվել է 2012 թվականին: Գրքի հիմքում հեղինակի հուշագրություններն են,  որտեղ նկարագրված են Բաքվում հայերի հանդեպ կազմակերպված ջարդերը:

Գրքի, իր հիշողությունների, անցյալի ու ներկայի մասին է պատմում հեղինակը` Աննա Աստվածատրյան-Տուրկոտը.

«Ոչ մի տեղ. Աքսորի պատմություն» գրքի շնորհիվ ես վերադարձա Հայաստան: Մի երկիր, որը «լքել» էի 22 տարի առաջ, երբ ընտանիքս մեկնեց Ամերիկա: Չորս ճամպրուկ հիշողություններ, մի քանի զգեստ, 180 դոլար և փախստականի կարգավիճակ. դա այն էր, ինչ ունեինք և սկիզբն էր ապագայի` պայծառ և խաղաղ ապագայի: Մենք հանգրվանեցինք մի երկրում, որտեղ դու ազատ էիր և կարող էիր քո երեխային տալ այն անունը, որը կցանկանայիր, առանց վախենալու նրանց ապագայի համար:

Այն պատմությունը, որը ես ներկայացնում եմ գրքում, եզակի չէ և նման է այն բոլոր փախստական հայերի պատմությանը, որոնք հեռացել են Ադրբեջանից: Այսօր նրանցից ոմանք Հայստանում են, ոմանք` Ռուսաստանում, սակայն հազարավորներն ապրում են ԱՄՆ-ում:

Իսկ պատմությունս յուրահատուկ դարձնում են իմ հիշողությունները, հիշողություններ, որոնք տատիկիս խորհրդով սկսել եմ գրի առնել, երբ ես ընդամենը 14 տարեկան էի: Հիշողություններ, որոնք կարողացա գրքում «ամփոփել» միայն 20 տարի անց: Ինչո՞ւ, որովհետև իմ երեխաները, որոնք ծնվել են Ամերիկայում, պետք է ծանոթ լինեն իմ կյանքի պատմությանը, Բաքվի դեպքերին, այն մարդկանց ճակատագրերին, որոնք այդքան տառապանք են կրել:

Մինչև 1988 թվականը

Ես ծնվել եմ Բաքվում, հեղինակավոր դպրոց եմ հաճախել, ապրում էինք ուրախ կյանքով` շրջապատված մեր հարազատներով ու բարեկամներով: Իմ պապիկը Խնձորեսկ գյուղից է Բաքու տեղափոխվել, որտեղ իրեն ապահով էր զգում: Իմ ծնողները ծնվել են Բաքվում, ինչպես և իմ բոլոր հարազատները, ում ես ճանաչում էի:

Մինչև 1988 թվականը մենք խաղաղ կյանքով էինք ապրում, թեև գիտեինք մեր տեղը: Մի դեպք եմ ուզում հիշել. երբ ես ծնվել եմ, ցանկացել են ինձ Անուշ կոչել` տատիկիս անունով, սակայն ծնողներս դեմ են եղել և ինձ անվանել են Աննա: Այն, այսպես ասած, միջազգային անուն էր, և «անցանկալի» հարցեր չէր առաջացնի: Այդպես նաև մեր Աստվածատրյան ազգանունը դարձավ Աստվածատուրով. իմ ծնողները հասկանում էին, թե այն ինչ վտանգ կարող է իր մեջ կրել: Թեև մենք դեռ չգիտեինք, թե ինչ պետք է տեղի ունենար 1988 թվականին:

1988 թվականից հետո

Թե ինչ տեղի ունեցավ 1988 թվականին, բոլորիս է հայտնի: Դաժան օրեր էին. մենք մթության մեջ էինք ապրում, դուռը միշտ փակ էինք պահում: Իսկական մղձավանջ էր, բոլորս շփոթված էինք, մտածում էինք, թե ինչպես այս ամենը կարող է պատահել Սովետական Միության պես երկրում:

Այստեղ հետաքրքիր մի փաստ եմ ուզում նշել. դեռևս 1970-ական թվականներին Ադրբեջանի կառավարությունը փորձում էր հայերին առանձնացնել, որպեսզի նրանք չկարողանային միանալ, միասնական լինել: Չ՞է որ վտանգի պահին մենք չէինք կարող մեզ պաշտպանել, քանի որ շրջապատված էինք այնպիսի մարդկանցով, որոնց չէր կարելի վստահել:

Ես շատ հետաքրքրասեր երեխա էի և անընդհատ ծնողներիս հարցեր էի տալիս: Եվ հենց այդ ժամանակ էր, որ տատիկս խորհուրդ տվեց, որ այդ ամենը գրի առնեմ:

Երկու տարի մենք վախի մեջ էինք ապրում: Ծնողներս փորձում էին մեզ համար ապաստան գտնել Հայաստանում, բայց դա այդքան էլ հեշտ չէր: Հիշում եմ, երբ տեղի ունեցավ 1988 թվականի երկրաշարժը, մենք շնորհավորական բացիկներ ստացանք: Մեզ շնորհավորում էին այն բանի համար, որ երկրաշարժի ժամանակ հազարավոր հայեր էին մահացել:

Դպրոց գնալը նույնպես շատ վտանգավոր էր դարձել: Հայրս ինձ խորհուրդ էր տվել, որ փողոցում գլուխս կախ քայլեմ, ու եթե հարցնեն, թե ինչ ազգություն ունեմ, ասեմ, որ հույն եմ: Ու երբ Բաքվի դեպքերից տարիներ անց ես, Ամերիկայում կազմակերպված միջազգային համաժողովի ժամանակ, ստիպված էի լսելու ադրբեջանցու ելույթը, ինքնաբերաբար, փորձեցի թաքցնել դեմքս: Ես տեսել եմ նրանց վայրագությունները, որոնք և´ ֆիզիկական, և´ հոգեկան ցավ էին պատճառում: Եվ մեզ ոչինչ չէր մնում, քան հեռանալ:

Շատերը երկիրը լքում էին կեսգիշերին` չվերցնելով իրենց հետ ոչինչ: Միակ տեղը, ուր կարող էինք գալ` Հայաստանն էր, մենք այստեղ բարեկամներ ունեինք: Հայաստանը կախարդական, դյութիչ աշխարհ էր իմ ընտանիքի համար: Տատիկս, պապիկս պատմել էին, որ այն մի գեղեցիկ երկիր է` լի եկեղեցիներով, հուշարձաններով:

Եկանք Հայաստան, առաջին վայրը, որ այցելեցինք, Էջմիածինն էր, որտեղ հոգեկան բավարարվածություն ստացանք: Բայց Հայաստանը լի էր փախստականներով, բազմաթիվ խնդիրներով, գտնվում էր շրջափակման մեջ: Մենք ապրում էինք մեր բարեկամների տանը, և կյանքը շատ դժվար էր այստեղ: Մեր միակ հույսը Միացյալ Նահանգներ մեկնելն էր:

Մենք մեկնեցինք Միացյալ Նահանգներ: Հաստատվեցինք Մեյն նահանգում: Մենք այնտեղ ոչ ոքի չէինք ճանաչում, հայկական համայնք չկար, ընդամենը մի քանի ընտանիք էր ապրում: Իսկ այնտեղ ապրող մարդիկ ոչինչ չգիտեին հայերի մասին, հայկական մշակույթի, պատմության մասին, անգամ կասկածում էին, որ մենք քրիստոնյա ենք: Իմ ընտանիքի օրինակը մի փոքրի դրվագ է հայ ժողովրդի կյանքից: Կյանք, լի ցավով, պայքարով, դեգերումներով. հայերը դարձան Բաքվի հայեր, Բաքվի հայերը` ամերիկահայեր:

Ծնողներս շատ էին աշխատում, այդ ժամանակ մենք հասկացանք Միացյալ Նահանգների դժվարությունները:

Ինտեգրվելով ամերիկյան հասարկությանը, ձեռք բերելով որոշակի կայունություն` ես կամաց-կամաց իմ մտքում սկսեցի ձևավորել գրքի կաղապարը: Իսկ երբ ծնվեցին իմ երեխաները, սկսեցի մտածել այն հրատարակելու մասին:

Միակ երկմտանքս այն էր, որ գրքում պետք է տեղ գտնեին իմ անձնական ապրումները, մտքերը, զգացմունքները և այդ ամենը ես պետք է կիսեի ընթերցողների հետ: Բայց հասկացա, որ միայն հրատարակելով կարող եմ մարդկանց հնարավորություն տալ զգալու այն ամենը, ինչ տեղի էր ունեցել Բաքվում: Իմ գրքում ոչ մի չափազանցված բան չկա:

Գիրքը հրատարակվեց, ես սկսեցի ճանապարհորդել Միացյալ Նահանգներով ու ներկայացնել գիրքս, որը մեծ հաջողություններ ունեցավ ոչ միայն հայերի, այլև օտարների շրջանում: Ուրախ եմ, որ իմ գիրքն այսօր ուսումնական նյութ է համարվում  Միացյալ Նահանգների մի շարք դպրոցներում և համալսարաններում:

Կյանք` կյանքից հետո

Ինձ համար բավարար չէր խոսել միայն անցյալի մասին: Ես մտահոգված էի Արցախի խնդրով: Ամուսնուս օգնությամբ կարողացանք հասնել նրան, որ 2013 թվականին ԱՄՆ Մեյն նահանգը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Մենք ճիշտ ժամանակ ընտրեցինք և կարողացանք հաղթանակ տոնել: Դա ոգեշնչեց մարդկանց խոսելու Արցախի մասին, նրա անկախության ու ազատության մասին:

Այս տարիների ընթացքում ես մի բան եմ հասկացել: Մենք` Բաքվի հայերս, առանձնահատուկ տեղ ենք գրավում հայկական համայնքում: Մենք դառնում ենք լիդերներ տարբեր ոլորտներում և մեր ձայնն այսօր լսելի է:

Յուրաքանչյուր առիթի դեպքում կարողանում ենք հակազդել ադրբեջանական քարոզչությանը:

Հասկացել եմ նաև, որ մենք միասնական պետք է լինենք: Դեռևս շատ անելիքներ ունենք: Այսօր Ադրբեջանում մեծանում է մի սերունդ, որը ատում է հայերին և չգիտի այն սարսափների մասին, որոնք ապրել են հայերը Բաքվում:

Իսկ մեր երեխաները, հայ երեխաները աշխարհի ցանկացած երկրում արժանի են ապրելու խաղաղ կյանքով, առանց վախենալու, թաքնվելու: Ու մենք այսօր անվախ շարունակում ենք մեր ուղին, շարունակում ենք` ոչ թե որպես զոհեր, այլ որպես հաղթողներ:

Մենք այսօր Երևանում, Ստեփանակերտում և այլուր շարունակում ենք ապրել, արարել, պարել ու ծիծաղել: Մենք հարգում ենք մեր այցյալը և միշտ նայում ենք դեպի ապագա…

Պատրաստեց Լուսինե Աբրահամյանը

Scroll Up