Հայոց ցեղասպանության դրդապատճառները իսլամիստական «գաղափարախոսության» մեջ են. թուրք բանաստեղծ

Հայերի և մյուս քրիստոնյաների նկատմամբ 20-րդ դարասկզբին իրականացված ցեղասպանության մեղավորները գործել են ոչ թե պետական շահից դրդված, այլ հանուն իրենց արնախում Աստծո,-գրում է թուրք-լազ պոետ Սերքան Էնգինն իր «Ցեղասպանություն` հանուն Ալլահի» վերնագրով հոդվածում:

Էնգինը նշում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի, ասորիների, քելդանիների, նեստորականների և պոնտոսի հույների նկատմամբ իրականացված զանգվածային բնաջնջումը հայտնի է որպես «քրիստենեական ցեղասպանություն», իսկ նման վայրագ գործողություններ իրականացնելու թուրքերին և քրդերին դրդում էր օսմանյան կառավարությունը: «Թեպետ ոմանք մեկնաբանում են այս ցեղասպանությունները որպես «Իթթիհաթ վե թերաքքի» կուսակցության ղեկավարած օսմանյան կառավարության ազգայնականության դրսևորում, այդուհանդերձ նրանք, ովքեր իրականում մեղավոր էին սպանությունների մեջ` գաղտնի «Թեշքքիլաթե Մահսուսե» ընդհատակյա կազմակերպության անդամները, առաջնորդվում էին ոչ թե ազգային շահերով, այլ իրենց արդարացումը գտնում էին իսլամի մեջ»,- գրում է թուրք բանաստեղծը:

Նա նշում է, որ իսլամը թույլ է տալիս ոչ միայն սպանել և բռնաբարել ցանկացած ոչ մահմեդականի, այլև խլել նրա ունեցվածքը: Հայերի և մյուս քրիստոնյաների նկատմամբ ցեղասպանություն իրականացնողներն իրենց ներկայացնում էին ոչ թե իբրև «թուրք» կամ «քուրդ», այլ որպես «մուսուլման»: Հայերին ու մյուս քրիստոնյաներին ոչնչացնելու հրամանը տալով` օսմանյան կառավարությունը նրանց հնարավորություն տվեց «վրեժ լուծել հարուստ ոչ մահմեդական հարևաններից»:

«Մահմեդական թուրքերն ու քրդերը բորենիների ախորժակով և դաժանությամբ մասերի էին պատառոտում իրենց ոչ մահմեդական հարևաններին: Նրանք չէին ցուցաբերում գթասրտություն և հիանում էին իրենց չարությամբ: Նրանք ոչ մահմեդական կանանց դարձնում էին իրենց սեռական ստրուկները` ներառելով հարեմներում: Իսկ ոմանք էլ մի քանի գրոշի դիմաց ստրուկների շուկաներում վաճառումէին նրանց: Այս սարսափելի հանցագործությունների մեղավորները չէին զգում որևէ նախատինք այս սարսափելի հանցագործությունների համար: Հակառակը, նրանք շատ ուրախ էին, որովհետև իրենց վայրագությունները դարձնում էին նրանց արժանի Ալլահին` իսլամական Աստծուն: Նրանք հանգիստ էին, քանի որ ենթարկվում էին Ալլահին և կառավարության օրենքներին:

Բանաստեղծ եւ սոցիալիստ Սերքան Էնգինը ծնվել է 1975 թ. Թուրքիայի Իզմիթ քաղաքում: Նրա բանաստեղծությունները տպագրվել են անգլալեզու մի քանի հայտնի պարբերականներում եւ Ճապոնիայում:

Scroll Up