Հայկական ներառական պարային խումբը հանդես կգա նոր բեմադրությամբ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/06/սս1-300x225.jpg)
Հայկական առաջին պրոֆեսիոնալ ներառական պարային խումբը այս տարվա սեպտեմբերին հանդես կգա նոր բեմադրությամբ։ Այս մասին տեղեկանում ենք News.am կայքից:
Բրիտանական խորհրդի «Պար առանց սահմաններ» ծրագրի շրջանակներում Կանդուկո ներառական պարային խմբի մասնագետների աջակցությամբ Փոքր թատրոնում կբեմադրվի նոր ներկայացում, որին կմասնակցի 6 հոգուց (3-ը սահմանական հնարավորություններով) բաղկացած պարային խումբ։
Բրիտանական խորհրդի հայկական մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանի խոսքով՝ նախագիծը եւս մեկ քայլ առաջ է տանում եւ օգնում է կոտրել հասարակության մեջ հաշմանդամների մասին կարծատիպերը։
Այս անգամ ներկայացման թեման Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է։
Ինչպես նշեց «Կանդուկո» պարային խմբի դերասանուհի Ջեմայմա Հոադլին, իրենց համար շատ կարեւոր էր դառնալ մասը նման կարեւոր թեմայի, ինչպիսին Հայոց ցեղասպանությունն է։ «Տունը լքելու թեման շատ կարեւոր է։ Ինչպես է մարդը փորձում իր եւ իր մտերիմների համար նոր տուն պատրաստել»,- նշում է Ջեմայմա Հոադլին։
Ne Me Quitte Pas «Մի՛ լքիր ինձ» առաջին ներկայացումը ցուցադրվել էր անցյալ տարվա հոկտեմբերին։
Մեծ Բրիտանիայի դեսպանատունը, Մեծ Բրիտանիայի հայկական համայնքը եւ Հայաստանի մշակույթի նախարարությունը օգնություն է ցույց տալիս նախագծի իրականացմանը։