Հունաստանում քննարկում են Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն աշնանային նստաշրջան տեղափոխելու հարցը

Հունաստանի խորհրդարանում այսօր քննարկվում է Ցեղասպանության ժխտումը քերականացնող օրինագծի քննարկումն ու քվեարկությունն աշնանային նստաշրջան տեղափոխելու հարցը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հունաստանում հրատարակվող «Ազատ օր» պարբերականի գլխավոր խմբագիր Հռիփսիմե Հարությունյանն ասաց, որ խորհրդարանում քննարկումները սկսվել են եւ ամեն ինչ տարվում է նրան, որ օրինագծի քննարկումը հետաձգվի մինչեւ հոկտեմբեր:

«Ընդհանուր առմամբ օրինագծի վերաբերյալ դիրքորոշումն ու վերաբերմունքը շատ դրական է: Սակայն կան որոշ հարցեր, որոնք խորհրդարանականների մոտ տարակարծություններ են առաջացրել եւ դա է պատճառը, որ կառավարությունը ցանկանում է վերացնել փաստաթղթում առկա խոչընդոտներն ու այդ պատճառով դիմել է խորհրդարանին, որպեսզի հարցի քննարկումը հետաձգվի մինչեւ աշնանային նստաշրջան»,- ասաց Հռիփսիմե Հովհաննիսյանը` հավելելով, որ եթե խորհրդարանն ընդունի կառավարության առաջարկությունը, ապա օրինագիծն, ամենայն հավանականությամբ, կքննարկվի հոկտեմբերին:

Հռիփսիմե Հովհաննիսյանի փոխանցմամբ` հայ համայնքում սպասում են օրինագծի քննարկման ավարտին եւ միայն խորհրդարանի որոշումից հետո պարզ կդառնա, թե համայնքն ինչպիսի հայտարարությամբ հանդես կգա:

«Ամեն դեպքում մենք տրամադրված ենք վճռական եւ միասնական այս հարցում հասնելու հաղթանակի եւ հաստատելու արդարություն»,- ասաց Հռիփսիմե Հովհաննիսյանը:

Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Հունաստանի խորհրդարանում պետք է քննարկվեր օգոստոսի 26-27-ին, սակայն վերջին պահին Հունաստանի արդարադատության նախարար Հարալամբոս Աթանասիունի նախաձեռնությամբ օրինագծի քննարկումը դուրս եկավ խորհրդարանի այս շաբաթվա օրակարգից` պատճառաբանությամբ, որ կան տեխնիկական որոշ խնդիրներ, որոնք հարթելուց հետո միայն հնարավոր կլինի օրինագիծը ներկայացնել խորհրդարանականների դատին:

Մանրամասները՝ armenpress.am կայքում:

Scroll Up