Ավարտվեցին Իրանի Փերիո գավառի հայության օրերը Հայաստանում

Օգոստոսի 24-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ «Փերիահայ աշուղներ» համերգ-երեկոն, որը եզրափակեց ՀՀ սփյուռքի նախարարության, Թեհրանի Հայոց թեմի թեմական խորհրդի, Թեհրանի Փերիո կրթասիրաց միության նախաձեռնությամբ անցկացվող «Իրանի Փերիո գավառի հայության օրեր Հայաստանում» ծրագիրը: Փերիահայ աշուղների ստեղծագործությունները ներկայացրեց «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը` Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր ելույթում մասնավորապես ասաց.  «Փերիահայերի ժառանգները հիշում են Փերիան: Եվ այնքան խորը, այնքան ջինջ, այնքան տպավորված են եղել մեր պապերը և այնպես են փոխանցել իրենց սերունդներին, որ դուք հիշում եք ձեր ծննդավայրը, ձեր պապերի ծննդավայրը: Եվ այսօր  ուզում եք բոլորին պատմել, որ Իրանում կա մի գավառ, որտեղ երեսունից ավելի գյուղեր 400  տարի շարունակ հայկական են եղել: Շնորհակալություն բոլորիդ:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին մենք բոլորս, ամբողջ հայությունը աշխարհին ասում ենք և հայտարարում, որ մենք հիշում ենք և պահանջում. պահանջում ենք Հայ դատի արդարացի լուծում, պահանջում ենք, որպեսզի Թուրքիան ներողություն խնդրի, ճանաչի և զբաղվի հետևանքների վերացման հարցերով: Պահանջում ենք, որպեսզի աշխարհում այլևս ոչ մի տեղ ցեղասպանություններ չկրկնվեն: Պահանջում ենք, որպեսզի մեր անհատական,  համայնքային, ազգային իրավունքները հարգվեն: Պահանջում ենք:

Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել  ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռեյիսիին, Թեհրանի մեր թեմական առաջնորդին՝ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանին, որ հովանավորել է այս ծրագիրը:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել Թեհրանի Փերիո կրթասիրաց միությանը՝ ազգային, հայրենանվեր գործունեության համար և պարգևատրել ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով»:

ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռէյիսիի ողջույնի խոսքը փոխանցեց ԻԻՀ դեսպանորդ պարոն Զամանին: Նա ՀՀ սփյուռքի նախարարին խնդրեց հաստատել, որ ծրագիրը կլինի շարունակական և հաջորդը կլինի «Ատրպատականի հայության օրեր» ծրագիրը:

Scroll Up