ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց արգենտինահայ դուդուկահար Գագիկ Գասպարյանին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/08/GetThumbnail.jpg)
Օգոստոսի 20-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց արգենտինահայ դուդուկահար Գագիկ Գասպարյանին:
Քննարկվեցին հայապահպանության, հայ մշակույթի տարածման ու պահպանման, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման հետ կապված հարցեր:
Գագիկ Գասպարյանը 1997թ. մեկնել է Արգենտինա և այնտեղ ծավալել ինչպես ստեղծագործական, այնպես էլ հայապահպանությանն ուղղված գործունեություն: Նա իր իրականացրած բազում ծրագրերով ճանաչելի է դարձնում հայ մշակույթը ողջ Լատինական Ամերիկայում:
Նա համագործակցում է բոլոր հայկական կառույցների ու կազմակերպությունների հետ, ՀԲԸՄ-ի պատվավոր անդամ է:
Գագիկ Գասպարյանն առաջինն էր, որ արտերկրում իր միջոցներով կառուցեց Արցախյան ազատամարտի հերոսների հիշատակին նվիրված հուշակոթող, որի համար Արցախի Ազգային ժողովի կողմից արժանացել է հուշամեդալի:
Գագիկը ստացել է բազմաթիվ պարգևներ ու մրցանակներ Արգենտինայի պետության կողմից: Նա Արգենտինայի երաժիշտների միության անդամ է:
Գագիկ Գասպարյանը առաջին անգամ արգենտինական ֆիլմերում կիրառեց հայկական դուդուկի երաժշտությունը:
Նա տարբեր ազգերի երաժիշտների հետ թողարկել է միասնական 50 ձայնասկավառակ և անհատական 4 ձայնասկավառակ, որոնք վաճառվում են աշխարհի շուրջ 45 երկրներում: Ձայնասկավառակներից մեկը նվիրված է Արցախյան ազատամարտի հերոսների հիշատակին, և դրա վաճառքի իրավունքը նվիրել է «Հայաստան» հիմնադրամին, որպեսզի հասույթը փոխանցվի Արցախի օգնության ծրագրերին:
Գագիկը ունի 30 օտարազգի և 2 հայ աշակերտ: Օգնում և համագործակցում է Կորդովա քաղաքի «Գուսան» ազգային նվագարանների համույթի հետ: