Ասմունքի օր՝ նվիրված Սիամանթոյի ծննդյան օրվան
Օգոստոսի 16-ին «Իմ Հայաստան» փառատոնի շրջանակներում Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ ասմունքի երեկո՝ նվիրված Սիամանթոյի ծննդյան օրվան:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի անունից միջոցառման մասնակիցներին ողջունեց նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը. «Ջերմորեն ողջունում եմ ձեզ Հայրենիքում: Կարևորում եմ ձեր մասնակցությունն այս միջոցառմանը: Առաջին անգամ «Իմ Հայաստան» փառատոնի շրջանակներում կազմակերպվում է նաև ասմունքի օր, որը նվիրել ենք իր տեսակով եզակիորեն անկրկնելի Սիամանթոյին: Հուսանք, որ ավանդույթի վերածվող այս օրը հետագայում մենք կդիմավորենք լեփ-լեցուն դահլիճներում»: Իր խոսքում Սերժ Սրապիոնյանը նաև շեշտեց, որ «Իմ Հայաստան» փառատոնը սոսկ մշակութային իրադարձություն չէ, այն նաև հայ հավաքական ինքնության ու ազգային ոգու վառ արտահայտություն է: Մշակույթն է համահայկական միասնության հզոր երաշխիքը, որը համաշխարհայնացման այս դարում էական դերակատարություն է ստանձնում՝ կամրջելով ազգի արմատները, անցյալը, ներկան և ապագան:
Երեկոյին ելույթ ունեցան Լևոն Չիդիլյանը (Վրաստան, Թբիլիսի), Հրանուշ Սարոյանը (Ուկրաինա, Խերսոն), Մարիամ Թովմասյանը (Կանադա, Մոնրեալ), Տիրանուհի Մարգարյան-Կարապետյանը (Սիրիա, Հալեպ), Փյունիկ Քեշիշյանը (Իրան, Թեհրան), Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնի սաները (գեղ.ղեկավար` Նադեժդա Անտոնյան):
Երեկոյի ավարտին «Իմ Հայաստան» համահայկական երկրորդ փառատոնի գեղարվեստական ղեկավար Սամվել Հարոյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին և նրանց հանձնեց շնորհակալագրեր մասնակցության համար:
Արփի Կիրակոսյան