Ադրբեջանական կողմի գնդակոծության պատճառով անտուն մնացած այգեպարցիներն ստացել են բնակարաններ

Ադրբեջանական զինուժի կողմից այրող փամփուշտներով հայկական բնակավայրերը կրակի տակ պահելու հետևանքով տներից զրկված Տավուշի մարզի Այգեպար գյուղի երկու ընտանիքներն ստացել են բնակարաններ: Տավուշի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրին, որ խնդիրը լուծվել է մարզպետ Հովիկ Աբովյանի անմիջական նախաձեռնությամբ և «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ:

«Երկու բնակարանատերերն էլ ապահոված են բնակարանով: Բնակարանները երեք սենյականոց են՝ համապատասխան գույքով:

Բնարակարանները գտնվում են հենց իրենց բնակավայրում: Նույնիսկ մի ընտանիք կունենա սեփական ավտոտնակ»,-նշեցին մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ ընդգծելով, որ երկու այրած տների բնակիչներին օգնելու հարցը Տավուշի մարզպետարանի առաջնահերթ խնդիրներից մեկն էր:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարության փրկարար ծառայություն օգոստոսի 10-ին` ժամը 04.20-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Այգեպար գյուղի տներից մեկում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել էին նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ճանապարհի վտանգավոր լինելու պատճառով, դեպքի վայրից մոտ 600 մ հեռավորության վրա, դադարեցրել է ընթացքը և իրականացրել հերթապահություն: Պարզվել է, որ այրվում են 130քմ. մակերեսով Ա. Վ.- ին և 120քմ. մակերեսով Ա. Գ.-ին պատկանող տները: Հրդեհն ինքնամարվել է. տներն ամբողջությամբ այրվել են:

Հրդեհը բռնկվել է ադրբեջանական զինուժի կողմից այրող փամփուշտներով հայկական բնակավայրերը կրակի տակ պահելու հետեւանքով: Իսկ հրշեջ մեքենան չի կարողացել մոտենալ, քանի որ ճանապարհը եւս անընդհատ կրակի տակ է եղել: ՀՀ զինված ուժերի շեշտակի պատասխանից հետո, որը եղել է միայն հակառակորդի դիրքերի ուղղությամբ, կրակը դադարեցվել է:

http://armenpress.am

Scroll Up