ԱՄՆ նախագահը բացառիկ է գնահատել դեսպան Թաթուլ Մարգարյանի գործունեությունը
Թաթուլ Մարգարյանի՝ Բելգիայի Թագավորությունում եւ ԵՄ-ում ՀՀ դեսպան նշանակվելու կապակցությամբ Հայ Դատի ԱՄՆ գրասենյակը իր երախտագիտությունն է հայտնել դեսպանին ԱՄՆ-ում իր արդյունավետ առաքելության ողջ ընթացքում հայ ժողովրդին ծառայելու և հայ-ամերիկյան կապերի զարգացմանը մեծապես նպաստելու համար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի գրասենյակից, դեսպան Մարգարյանը բարձր հարգանքի է արժանացել իր ամերիկյան գործընկերների, օտարերկրյա դիվանագետների եւ Վաշինգտոնի քաղաքական շրջանակների կողմից: Սպիտակ տանը վերջերս տեղի ունեցած հավատարմագրման արարողության ժամանակ Նախագահ Բարաք Օբաման իր խոսքում հատուկ անդրադարձ է կատարել դեսպան Մարգարյանի վաշինգտոնյան գործունեությանը՝ դեսպանին գնահատելով որպես «բացառիկ` Միացյալ նահանգներում Հայաստանը ներկայացնելու գործում»:
Իսկ Պետքարտուղար Ջոն Քերին հրաժեշտի նամակում իր «խորին երախտագիտությունն է հայտնել դեսպան Մարգարյանին երկու երկրների միջեւ կարեւոր գործընկերության ամրապնդման գործում ունեցած ներդրման համար»:
Հայ Դատի վաշինգտոնյան գրասենյակի տնօրեն Արամ Համփարյանն իր մեկնաբանությունում ընդգծել է, որ ջերմության եւ հարգանքի պաշտոնական այս հայտարարությունները դուրս են արարողակարգի ընդունված ձեւաչափից, եւ մեկնող դեսպանի նկատմամբ հատուկ հարգալից վերաբերմունքի, ինչպես նաեւ ԱՄՆ ղեկավարների կողմից հայ-ամերիկյան ամուր կապերին հատկացվող
կարեւորության վկայություն են:
Մանրամասները՝ armenpress.am կայքում: