«Արի տուն-2014».Վերադարձ ինքնությանը, վերադարձ Մայր եկեղեցու գիրկը
«Արի տուն» ծրագրի 6-րդ փուլին մասնակցում են մեր պատմական մայրաքաղաքից՝ Դիարբեքիր վերանվանված Տիգրանակերտից ժամանած 48 իսլամացած հայեր: Ի տարբերություն իրենց նախնիների, որոնք Հայոց ցեղասպանությունից հետո հարկադրաբար կրոնափոխ են եղել, ներկա սերնդից շատերը փորձում են վերգտնել կորսված ինքնությունը և վերադառնալ արմատներին: Նրանցից երկուսը` 52-ամյա Ռահիմե Քարաքաշը և Սամի Չելիքն այսօր մկրտվել են Էջմիածնի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում՝ ստանալով Անժել ու Ստեփան անունները: Մկրտությունը կատարել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Հայեցակարգային» գրասենյակի ղեկավար Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
Ռահիմե Քարաքաշը մկրտության որոշումը միայն երեկ է ընդունել` կատարելով իր հոր վաղեմի երազանքը. «Երեկ գիշեր ընկերուհուս հետ կեսկատակ, կեսլուրջ խոսում էինք, ու ես ասացի, որ եթե վաղն այցելելու ենք Էջմիածին, ինչու չմկրտվել: Հատկապես որ միշտ ցանկացել եմ մկրտվել ու քրիստոնյա դառնալ,-«Հայերն այսօրի» հետ զրույցում ասաց Ռահիմեն ու շարունակեց,- Այսօր հպարտ եմ ու անչափ ուրախ, որ մկրտվեցի հենց Էջմիածնում ու դարձա հայ քրիսստոնյա: Եվ ամենակարևորը` կատարեցի հորս վաղեմի երազանքը, որը միշտ ցանկանում էր, որ իր զավակները քրիստոնյա դառնան»:
Մի փոքր այլ է Սամի Չելիքի մկրտվելու պատմությունը: Նա դեռ ամիսներ առաջ էր ընկերոջ հետ որոշել մկրտվել Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս Եկեղեցում, սակայն ինչ-ինչ խնդիրների պատճառով միայն ընկերն է մկրտվել: Ու եթե այն ժամանակ նա տխրել էր, հիմա ուրախ է, որ հնարավորություն ունեցավ մկրտվելու Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում:
Հավելենք, որ բարերար Րաֆֆի Պետրոսյանի նախաձեռնությամբ Դիարբեքիրում 2013թ. առաջին անգամ կազմակերպվեցին հայերենի ուսուցման դասընթացներ: Եվ առավել աչքի ընկած մասնակիցները հնարավորություն են ունեցել մեկնելու Հայաստան և մասնակցելու «Արի տուն» ծրագրին: