Հայաստանը արիտունցիների աչքերով
Մերի Պողոսյան, 15 տարեկան, Թբիլիսի.
Հայաստանում վերջին անգամ 4 տարեկանում եմ եղել: Մայրս արմատներով հայ է, բայց ծնվել ու մեծացել է Վրաստանում: Հայաստանը շատ գեղեցիկ է ինձ համար: Այնպես է ստացվել, որ Թբիլիսիում հայ ընկերներ չունեմ, հայկական դպրոց էլ չեմ հաճախում: Այդուհանդերձ, մայրս ինձ միշտ պատմում է հայերի անցած դժվարին ուղու և այն փորձությունների մասին, որի միջով անցել է հայ ազգը: Փոքրուց միշտ մտածել եմ Հայաստան վերադառնալու մասին, քանի որ ձգում է ինձ իմ հայրենիքը: Անչափ ուրախ եմ, որ հիմա Հայաստանում եմ՝ իմ պատմական երկրում: Ես հպարտ եմ իմ Հայաստանով և իմ հայ լինելով:
Արամ Պողոսյան, 14 տարեկան, Թբիլիսի.
Շատ ուրախացա, երբ իմացա՝ Հայաստան եմ գալու: Դեռ վաղուց էր երազում գալ ու տեսնել իմ երկիրը: Պետք է ասեմ, որ շատ լավ եմ խոսում հայերեն, այն շատ գեղեցիկ լեզու է: Ինձ հայերեն խոսել տատիկս է սովորեցրել, նույնիսկ երբ տանը ես ու քույրս օտար լեզվով ենք խոսում, տատիկս բարկանում է և ստիպում՝ մայրենի լեզվով խոսենք : Ուրախությունս մեծ է, որ ես հայ եմ ծնվել, հուսով եմ՝ մի օր անպայման Հայաստան կվերադառնամ: Շնորհակալություն «Արի տուն» ծրագրին՝ ինձ այս հնարավորությունն ընձեռելու համար:
Նաստյա Օհաջանյան, 14 տարեկան, Ուկրաինա, Խարկով.
Ես հայերեն այդքան լավ չեմ կարողանում խոսել: Տատիկս ու պապիկս Լեռնային Ղարաբաղից են , ապրում են Ստեփանակերտում, մենք ՝Ուկրաինայում: Տանը արցախյան բարբառով ենք խոսում:
Հայաստանը շատ գեղեցիկ է, շատ եմ սիրում իմ երկիրը: Ուրախ եմ , որ հիմա գտնվում եմ Հայաստանում և այսպիսի ջերմ ընդունելության արժանանում: Իսկ «Արի տուն» ծրագրին մասնակցելով՝ առավել մոտիկից ծանոթացա իմ երկրին, հայ ժողովրդին: Մեծ տպավորություններ ստացա իմ շրջագայություններից:
Մերի Գևորգյան