Պարգևատրում և գրքի շնորհանդես «Սփյուռք ամառային դպրոց-2014» ծրագրի շրջանակներում

«Սփյուռք ամառային դպրոց-2014» ծրագրի ուսուցիչների վերապատրաստման դասընթացի մասնակիցների հերթական օրը սկսվեց գեղեցիկ արարողությամբ:

Հայապահպանության ոլորտում ներդրում ունենալու, մայրենի լեզվի պահպանման ու զարգացման գործում նվիրաբերած ջանքերի, սփյուռքահայ երիտասարդների հայեցի կրթության ու դաստիարակության գործում ունեցած ավանդի, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք գիտակրթական գործակցության ամրապնդմանն ու զարգացմանը նպաստելու համար ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով պարգևատրվեց Օդեսային հայկական կիրակնօրյա դպրոցի տնօրեն, հայոց լեզվի ուսուցչուհի Էլեն Պողոսյանը:

Այնուհետև սփյուռքահայ ուսուցիչները ԵՊՀ պատմության ֆակուլտետի հանդիսությունների դահլիճում հանդիպում ունեցան գրող, հրապարակախոս Հովհաննես Ներզեթյանի հետ: Առիթը հեղինակի «Ես. մարդկության սկիզբը և վերջը մի անհատի կյանքն է» գրքի շնորհանդեսն էր, որը կազմակերպվել էր հատուկ սփյուռքահայ ուսուցիչների համար: Խոհափիլիսոփայական գիրքն իր մեջ ներառում է աֆորիզմներ, իմաստուն մտքեր:

Հովհաննես Ներզեթյանը նախ ողջունեց սփյուռքահայ ուսուցիչներին, կարևորեց նրանց աշխատանքը հայապահպանության անչափ կարևոր գործում և հույս հայտնեց, որ նրանք իրենց սաներին հաղորդակից կդարձնեն ոչ միայն դասական հեղինակների, այլև ժամանակակից գրողների հետ:

Այնուհետև Հովհաննես Ներզեթյանը ներկայացրեց իր գիրքը, խոսեց գրքի ստեղծման մասին ու այն ասելիքի, որն ամփոփված է գրքի էջերում:

Հանդիպման վերջում հեղինակը սփյուռքահայ ուսուցիչներին նվիրեց իր գրքի մեկական օրինակ:

Scroll Up