Կարևոր չէ, թե ինչ լեզվով եմ խոսում, կարևորը՝ ինձ հայ եմ զգում…

39-ամյա Մեհմեթ Ջեմշին Դիարբեքիրի Սալքըմլը գյուղից է. Տիգրանակերտ-Դիարբեքիրում ապրող այն հազարավոր մարդկանցից, որոնց իսլամացած հայ են կոչում: Այն մարդկանցից, որոնք ստիպված են ապրել կրոնի և ինքնության երկվությամբ:

Մեհմեթն իր ծագման մասին իմացել է դեռ մանկուց. «Փոքր տարիքից հայրս միշտ պատմում էր հայերի, Հայոց ցեղասպանության, Անդրանիկ Փաշայի, Տիգրան Մեծի մասին: Պատմում էր որ հայ ժողովուրդն ունի հարուստ պատմություն և մշակույթ, նաև գիտեմ, որ Հայաստանն առաջին երկիրն է, որը պաշտոնապես ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն: Հորս պատմածները հիմա ես իմ երեխաներին եմ պատմում, ուզում եմ, որ իմանան իրենց հայկական արմատների մասին, սովորեն հայերեն և հպարտ լինեն, որ հայ են: Այսօր շատերը խոսում են իրենց ինքնության մասին, շատերի մոտ է արթնացել ինքնության գիտակցությունը, և ինչպես շատերը, այնպես էլ ես ցանկանում եմ, որ բոլորն ինձ որպես հայ ճանաչեն և ընդունեն: Հպարտանում եմ իմ նախնիներով»,- «Հայերն այսօրին» պատմեց Մեհմեթը, ով մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրին:

Մեհմեթն առաջին անգամ  է Հայաստանում. «Առհասարակ առաջին անգամ է, որ երկրից դուրս եմ գալիս և առաջին երկիրը, որտեղ ցանկացա լինել՝ Հայստանն է: Տպավորություններս աննկարագրելի են: Հրաշալի երկիր է Հայստանը, մարդիկ անչափ բարի են: Ես աշխարհի բոլոր հայերին իմ բարեկամն եմ համարում: Այցելածս վայրերը շատ տպավորիչ էին, բայց ամենատպավորիչն ինձ համար Ցեղասպանության հուշահամալիր այցելությունն էր: Անմար կրակին նայելիս աչքիս առաջ կարծես երևացին 1915 թվականի կոտորածները, զգացի հայ ժողովրդի ցավը»:

Մեհմեթ Ջեմշին ևս, ինչպես և միևնույն ճակատագիրն ունեցող, իսլամ դավանող, բայց Պատմական Հայաստանի այս կամ այն քաղաքում, գյուղում ապրող իր «նմանները», հայերեն չի խոսում. «Ճիշտ է, ես հայոց լեզվի և հայ մշակույթի կրողը չեմ, բայց անկախ դրանից ես ինձ հայ եմ զգում: Հայ լինելը ինձ համար ամեն ինչից վեր է: Կարևոր չէ, թե ինչ լեզվով եմ խոսում, կարևորը, որ ես ինձ հայ եմ զգում: Եվ իմ առաջնային խնդիրներից եմ համարում հայերեն սովորելը»:

Տաթև Մնացականյան

Մեհմեթ1

Scroll Up