«Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցները հյուրընկալվեցին Սփյուռքի նախարարությունում
Հուլիսի 30-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Սփյուռք» ամառային դպրոցի՝ Սփյուռքի հայկական կրթօջախների ուսուցիչների, լրագրողների վերապատրաստման, երիտասարդ առաջնորդների, համայնքային գործի կազմակերպիչների, հայոց լեզվի արագացված դասընթացների մասնակիցները հանդիպեցին նախարար Հրանուշ Հակոբյանի հետ:
Ողջունելով ներկաներին՝ նախարարը շնորհակալություն հայտնեց ամառային դպրոցի մասնակիցներին նախարարության ծրագրերին մասնակցելու համար: «Ես հավատում եմ, որ այս օրերը որ անցկացրիք Հայաստանում, այն գիտելիքները, որ ձեռք բերեցիք դասընթացներին մասնակցելով՝ օգտակար կլինեն ձեր համայնքներում կյանքը կազմակերպելու, աշխուժացնելու համար: Կարևոր է, որ այսուհետ ավելի լավ կճանաչեք Հայրենիքը, կընդլայնեք կապերը մյուս համայնքների հետ», – ասաց նա:
Նախարարը մասնավորապես նշեց, որ նախարարության ծրագրերը Սփյուռքի մեր հայրենակիցներին ոչ միայն Հայաստանը տեսնելու, հայերեն սովորելու, այլև հայի ինքնության ամրապնդման, ազգային խնդիրները միջազգային հանրությանը ներկայացնելու և համախմբված գործունեություն ծավալելու հնարավորություն են ընձեռում, նպաստում են Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը:
Ցուցադրվեց նախարարության ծրագրերի մասին պատմող տեսաֆիլմ, որում նախարարը տվեց սփյուռքի սահմանումը, խոսեց նախարարության քաղաքականության իրականացման գործիքների ու հայապահպանության խնդիրները լուծելու առաջնահերթությունների մասին:
Նախարարը պատասխանեց մեկօրյա դպրոցների, դասագրքերի առաքման, բիզնեսի հարկերի, իսլամացած հայերի վերաբերյալ ներկաների հարցերին:
Ամփոփելով հարցուպատասխանը, նախարարը մշեց. «Դուք դրսում ձեր խելքով, վարքով, աշխատասիրությամբ հայի պատիվն եք բարձրացնում», – նշեց նախարարը և հավելեց. «Որքան Սփյուռքը ուժեղ լինի, ոչ թե մեծ, այլ ուժեղ, մեր պատիվն է: Արցախը մեր խիղճն է, ոգին: Հայաստանը մեր հույսը, մեր հավատն է, որի շուրջը մեր պատիվն ու խիղճը պիտի համախմբվեն»:
«Սփյուռք» ամառային դպրոցի վեց ուղղությունների դասընթացներին մասնակցում է 220 –ից ավելի սփյուռքահայ երիտասարդ Ռուսաստանի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Իրանի, Շվեդիայի, Բելգիայի, Ուրուգվայի, Իտալիայի, Վրաստանի հայկական համայնքներից: