«Արի տուն-2014». «Սփյուռքի երիտասարդները տեղյակ են Հայաստանի պատմությունից…». Օկսանա Գրիգորյան

Օկսանա Գրիգորյանը ՀՀ սփյուռքի նախարարության՝  Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն-2014» ծրագրի շրջանակներում որպես էքսկուրսավար է հանդես գալիս: Առաջին անգամ է համագործակցում ծրագրի հետ, սակայն մինչ  այդ էլ լսել էր, որ այստեղ ժամանակը հետաքրքիր և բազմաբովանդակ է անցնում, ինչում համոզվել է արդեն: Դժվարություններ չի ունենում մասնակից երեխաների հարցում, քանի որ շատ է սիրում իր աշխատանքը և երեխաների հետ շփումը: Այժմ նա Երևանի պետական համալսարանի «Աշխարհագրություն» ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսում է սովորում:

   Օկսանան սիրով և դրվատանքով է խոսում ծրագրի մասնակիցների մասին, ասում է՝ սփյուռքի երիտասարդները ուշիմ և կրթված երեխաներ են, տեղյակ են Հայաստանի պատմությունից, հետաքրքրվում են բոլոր վայրերով, քանի որ գալով Հայաստան՝ ցանկանում են հնարավորինս շատ տեղեկություններ քաղել բոլոր վայրերից, ուր այցելում են: Միանշանակ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում այն երեխաները, ովքեր առաջին անգամ են գտնվում իրենց հայրենիքում: Օկսանան նկատել է, որ մասնակիցները առավել ոգևորվում են, երբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Ծիծեռնակաբերդ, Գեղարդ և Խոր վիրապ են մեկնում: Նրան զարմացնում և ուրախացնում է այն հանգամանքը, երբ երեխաները իրեն հավասար հստակ պատմում են այցելած վայրերի նշանակության, պատմության մասին:

 Պարզեցինք, որ նրանց մեծ մասը սկզբից մինչև վերջ գիտեն Հայաստանի քրիստոնեությունը որպես առաջինը պետական կրոն ընդունման, Հայոց ցեղասպանության պատմությունը, ինչը, անշուշտ, գովելի փաստ է: Օկսանա Գրիգորյանը, երբ շրջագայությունների ընթացքում պատմում է այցելած վայրերի մասին, բոլորի աչքերում հայրենիքի հանդեպ կարոտ է զգում:  Էքսկուրսավարը շատ է հուզվում, երբ տեսնում է, թե ինչ սիրով, հարգանքով և համախմբված կերպով են բոլորը շփվում միմյանց հետ, ոչ մի ավելորդություններ չի նկատում: Ինքն էլ հասցրել է  մտերմանալ երեխաների հետ, նրանց հարազատի պես է ընդունում:

Բացի բացատրական աշխատանքներ տանելուց, նա արիտունցիների հոգում շրջագայությունների ընթացքում փորձում է հայրենասիրություն սերմանել, ինչպես նաև հայրենիք վերադառնալու կոչեր է անում, ինչն էլ տվել է իր ցանկալի պտուղները. «Արի տուն» ծրագրի 2014թվականի երկրորդ փուլի մասնակիցներից վրաստանաբնակ Ալինան՝ լսելով Օկսանայի հորդորները՝ որոշել է վերադառնալ Հայաստան և ուսումը շարունակել այստեղ: Հիմա Ալինան պատրաստվում է ընդունելության քննություններին:

Գևորգ  Չիչյան 

Scroll Up