«Արի տուն – 2014». «Հատուկ «Արի տուն» ծրագրին մասնակցելու համար Հայաստան եմ եկել…». Արման Դիլանյան

15-ամյա Արման Դիլանյանը ՌԴ Պերմ քաղաքում է ապրում: Արմանը, ճիշտ է, Պերմում ռուսական դպրոց է հաճախում, բայց հայերեն հստակ է խոսում, միայն տառերն է փոքր-ինչ շփոթում: Սակայն հույս ունի, որ ՀՀ սփյուռքի նախարարության Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն-2014» ծրագրի շրջանակներում մասնակցելով հայոց լեզվի դասընթացներին՝ այս թերությունն էլ կշտկի: Արմանն ասում է, որ շատ կապված է իր երկրի հետ, սիրում է Հայաստանը և ամեն տարի ամռանը պարտադրում է ծնողներին, որ իրեն Հայաստան բերեն: Իսկ այս տարի հատուկ «Արի տուն» ծրագրին մասնակցելու համար է Հայաստան եկել, հույս ունի, որ լավ ժամանակ է անցկացելու, լինելու է այն բոլոր տեսարժան վայրերում, որտեղ նախորդ տարիներին չի հասցրել լինել: Անհամբերությամբ է սպասում այն օրվան, երբ Ծիծեռնակաբերդ, Սևան են այցելելու: Ոգևորվածությունը նաև մեծ է ճամբարային օրերի հետ կապված: Դեռևս անցյալ տարի է Արմանը մտադրված եղել մասնակցելու այս ծրագրին, բայց հանգամանքների բերումով չի ստացվել: Սակայն չի վհատվել, քանի որ հստակ որոշում է կայացրել, որ հաջորդ տարի անպայման պետք է «Արի տուն» գա:
Արմանը համոզված է, որ մասնակցելով «Արի տուն» 2014թ. ծրագրին՝ կկարողանա առավել շատ տեղեկություններ ստանալ Հայաստանից և կբարելավի հայերենի իմացությունը: Իր համար կարևորում է նաև այն, որ ցանկանում է նոր հայ ընկերների հետ ծանոթանալ, քանի որ Պերմում շատ չեն նրանց թիվը: Իսկ շրջայցերի ընթացքում իրեն լավ է զգում, շփվում է մյուս մասնակից հասակակիցների հետ, նոր ծանոթություններ հաստատում: Իրեն հատկապես զվարճացնում է այն, երբ այցելությունների ընթացքում շոգից պաշտպանվելու համար միմյանց ջրում են, որն էլ ուրախ ժամանցի է վերածվում:
Գևորգ Չիչյան