«Արի տուն» ծրագրի ևս մի փուլ ավարտվեց

Ավարտվեց Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի ևս մի փուլ: Հագեցած, հետաքրքիր և ինքնատիպ օրերը պատմություն դարձան, հարազատ տներ մեկնեցին այն հայ պատանիներն ու աղջիկները, ովքեր իրենց համար մի նոր Հայաստան հայտնաբերեցին, ովքեր ապրեցին հայաստանյան օրերի մեջ, ովքեր, իրենց իսկ խոստովանությամբ, իրենց առավել հայ զգացին, հայրենիքի ջերմությունը զգացին և հպարտացան, որ ունեն Մասիսների ստորոտին տարածված Հայաստան աշխարհ, որտեղ կարող են գալ ցանկացած ժամանակ՝ հավատալով, որ հայրենի տունն իրենց կընդունի սրտաբաց: Ծրագրի երկրորդ փուլը զուգադիպեց «Իմ Հայաստան» փառատոնին, որը տակավին մանուկ կարգավիճակում է, որն իր առաջին վստահ քայլերն է անում՝ համախմբելու հայությանը, Սփյուռքում վառ պահելու ազգային ոգին ու նկարագիրը:

«Արի տուն» ծրագիրն արդեն համապետական է դարձել, որովհետև նրա կայացմանն աջակցում են իշխանության տարբեր օղակներ՝ նախարարություններ և մարզպետարաններ, երկրի նախագահն ու վարչապետն են իրենց մշտական ուշադրության կենտրոնում պահում այս ծրագիրը, որը հայապահպանությանն ու հայրենաճանաչությանն ուղղված լավագույն նախաձեռնությունն է մեզանում: Պետության ղեկավարների ուշադրության վկայություններից մեկն էլ այն էր, որ երկրորդ փուլի փակման հանդիսությանը մասնակցեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Հովիկ Աբրահամյանից զատ, հանդիսությանը եկել էին մասնակցելու ծրագրի նախաձեռնող և հեղինակ՝ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը, այլ պաշտոնյաներ, որոնց ներկայությունը ոգևորություն առաջացրեց մեր պատանի հայրենակիցների մոտ: «Մենք ձեզ շատ ենք սիրում, ձեզնով հպարտանում և ուրախանում: Այս ծրագրին շատ լուրջ եմ վերաբերում  և ես՝ որպես վարչապետ, ամեն ինչ անելու եմ, որ այն լինի շարունակական, և ամեն տարի ծրագրին մասնակից երեխաների թիվն ավելանա: Համոզված եմ, որ ձեր այցը Հայաստան ջերմորեն է կապում ձեզ մայր հայրենիքին»,- ասել է ծրագրի մասնակիցներին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ապա զրուցել արիտունցիների հետ, լսել նրանց տպավորությունները: Իրավացի էր վարչապետը, որ այցելությունը Հայաստան ձևավորում է ջերմ ու անքակտելի կամուրջ, քանզի շատերը Հայաստանում էին առաջին անգամ, առաջին անգամ էին տեսնում իրենց նախնիների երկիրը, որը դիմակայել է պատմության պարզած արհավիրքներին, սակայն իր մեջ ուժ է գտել ոստնելու ընկած տեղից, կերտելու իր պետականությունը:

Ծրագրի երկրորդ փուլին մասնակցողների թիվը 185 էր՝ աշխարհի մոտ տասը երկրից ժամանած պատանիներ ու աղջիկներ, որոնք ապրելով հայկական ընտանիքներում, ծանոթացան նաև մեր կենցաղին, նիստուկացին, ճաշակեցին հայկական կերակրատեսակներ, գնահատեցին հայկական ընտանիքի գլխավոր հատկանիշը՝ ջերմությունը և փոխադարձ հարգանքը: Հատկապես այն հանգամանքը, որ արիտունցիները հյուրընկալվում են ընտանիքներում, հնարավորություն է տալիս մշտապես գտնվել հոգածության ներքո, ճանաչել հայ ընտանիքը: Որևէ մեկին գաղտնիք չէ, որ Սփյուռքի ոչ բոլոր համայնքներում են պահպանել հավատարմությունը ազգային ընտանիքի մասին ձևավորված պատկերացումներին, գտնվելով օտար մշակույթների և կենցաղավարության տիրույթում, շատ ընտանիքներ ոչ միայն ենթարկվում են ուծացման, այլև կորցնում են ավանդականն ու նախնականը, խզվում է կապը ծնողների և երեխաների միջև: «Արի տուն» ծրագրի հայեցակարգի կարևորագույն բաղադրիչներից է նաև պատկերացումը հայ ընտանիքի, ծնողներ-որդիներ փոխհարաբերությունների մասին:

«Արի տուն»-ը հրաժեշտ տվեց իր 185 մասնակցին: Մի քանի օրից նոր խումբ է գալու, նորից խառնվելու են իրար արևելահայերենն ու արևմտահայերենը, օտար հնչյունների տակ կորած մայրենին ու մաքրամաքուր մեր ոսկեղենիկը: Նորից հայաստանյան ճամփաներով անցնելու են մեր հարյուրավոր պատանի հայրենակիցներ, որոնք զարմացած ու հիացած՝ նայելու են հորիզոնների շրջանակի մեջ գծագրված բիբլիական Արարատին և իրենց օրերը լցնելու են մայր հողից ճառագող ջերմությամբ:

Լ. Մ.

Scroll Up