«Ֆրեզնոյում հայ անուն կրելը պատիվ բերող է այսօր…»

«Ես հայերեն չեմ գրում, բայց աշխարհին նայում եմ հայերեն…»: Կարծում եմ` բոլորին են ծանոթ ամերիկահայ ճանաչված արձակագիր Վիլյամ Սարոյանի այս խոսքերը, ով ծնվել է Ամերիկայի Միցյալ Նահանգների Ֆրեզնո քաղաքում ու հայի ու Հայաստանի անունը ճանաչելի դարձրել ամբողջ աշխարհում…

Հետաքրքիր է, այսօր ի՞նչ հայացքով են աշխարհին նայում նույն այդ Ֆրեզնոյում ծնված ու ապրող հայերը: Այդ հայացքն ինչպե՞ս է փոխվել, ո՞ւր է նայում… Հարցեր, որոնք փորձեցինք պարզել Ֆրեզնոյի հայ համայնքի ներկայացուցիչներ Պերճ Աբգարյանից և Վրեժ Վասիլյանից:

Նախ լսենք Պերճ Աբգարյանին, ով թեև ծնվել է Հալեպում, բայց 35 տարի է` ապրում է Ամերիկայում.

– Ֆրեզնոյում մոտ 50 հազար հայ է ապրում, այն Ամերիկայի ամենահին գաղութներից է: Հայերը Ֆրեզնո են գաղթել դեռևս 1880-ական թվականներին: Այսօր արդեն երրորդ, չորրորդ սերունդն է ապրում, որոնք հիմնականում անգլիախոս են, ճիշտ է` հայկական հոգի ունեն, բայց կամաց-կամաց այդ հոգին խամրում է: Պատճա՞ռը. նախ լեզուն չկա, Հայաստան-Սփյուռք կապն ավելի ամրապնդելու կարիք կա, որ հոգին արթուն մնա:

Անցյալում Ամերիկա գաղթած հայերը շատ տքնաջան օրեր են ապրել, բավականին նեղություններ կրել: Այդ պատճառով շատերն իրենց ազգանունները փոխել են. Պետրոսյանները դարձել են` Պիտեր, Թյուֆենկյանները` Կաներս և այլն:

Բայց ուրախությամբ պիտի ասենք, որ այսօր հայ համայնքը Ֆրեզնոյում հպարտանալու տեղ ունի, քանի որ շինարարության, հողագործության, բժշկության, տնտեսագիտության և ամեն ծիրերու մեջ հայերն ունեն պատվական տեղ: Հակառակ նրա, որ հայախոսները քիչ են, հայ անուն կրելը հաջող, գործող, պատիվ բերող է այսօր:

– Բավական է հիշել Վիլյամ Սարոյան անունը:

– Ոչ միայն, Սարոյանի հետ միասին շատ ճանաչված հայ ընտանիքներ ունենք, օրինակ` Փառնակյան, Հովհաննիսյան,  Սրապյան, Քաշյան, Թյուֆենկյան, Պետրոսյան և այլք, որոնք մեծ արձագանք, նյութական ու արժեքավոր կշիռ ունեն համայնքի մեջ:

– Իսկ համայնքային կառույց կա՞ Ֆրեզնոյում:

– Գաղութի մեջ կան բարեսիրական տարբեր կազմակերություններ և միություններ` ՀԲԸՄ, ՀՄԸՄ, Համազգային, Թեքեյան, Վարդանանց և այլն, նաև` կուսակցություններ, որոնք բոլորն էլ իրենց կարգին, իրենց ծավալի մեջ աշխատում են:

Այդ պատճառով է, որ մենք Ֆրեզնոյում ուզում ենք Հայաստանի պատվո հյուպատոսարան բացել: Այդ քայլով մենք ավելի կհամախմբվենք հայրենիքի դրոշի տակ, համագործակցության աշխատանքներն ավելի կզորացնենք, Սփյուռք-Հայրենիք կապն ավելի կամրապնդենք: Սա մեր կարևորագույն նպատակներից մեկն է` կարողանալ տարբեր միջոցներով օժանդակ լինել մեր հայրենակիցներին:

Նմանօրինակ գրասենյակն իր կարևոր դերը պետք է ունենա գաղութը համախմբելու, միասին գործակցելու և հայրենիքի հետ կապն առավել ամրապնդելու գործում:

– Պարո´ն Աբգարյան, նշեցիք, որ համայնքի միայն ոգին է հայկական: Ո՞րն է գլխավոր պատճառը, որ համայնքը հայախոս չէ:

– Տարբեր միություններ աշխատանք են տանում երիտասարդների հետ, կարևոր է նաև, որ Ֆրեզնոյի պետական համալսարանում հայագիտական ամբիոն ունենք, բայց միայն դրանք բավարար չեն: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ տարբեր աշխատանքների մասին խոսեցինք, թե հայրենասիրական ոգիով, հայապահպան աշխատանքով ինչպես կարող ենք վերականգնել գաղութն ու կրկին զորավիգ կանգնել մեր հայրենիքին:

Զրույցին միանում է Վաչե Վասիլյանը, ով բժիշկ է, 1988 թվականին ավարտել է Երևանի բժշկական համալսարանը: Լիբանանահայ է, բայց 6 տարի է արդեն` ապրում է Ֆրեզնոյում.

– Ինչպես նշեց պարոն Աբգարյանը, Ֆրեզնոն Ամերիկայի ամենահին գաղութն է, որտեղ բացի Վիլյամ Սարոյանից ապրել է մեր ամենանշանավոր հայդուկապետը` Զորավար Անդրանիկը, ում ծննդյան 150-ամյակը հոկտեմբերին պետք է նշենք: Ֆրեզնոյում է թաղված մեր մեծ հերոս Սողոմոն Թեհլերյանը: Մենք երիտասարդներին հաճախ ենք նրա շիրիմին այցի տանում, որպեսզի նրանից ոգևորվեն, հոգի և շունչ առնեն:

Ամերիկայի առաջին հայկական օրաթերթը` «Ասպարեզը», որն առ այսօր գործում է, սկսել է հրատարակվել Ֆրեզնոյում, «Նոր օրը» դարձյալ Ֆրեզնոյում է լույս տեսել: ԱՄՆ Արևմտյան թեմի Առաջնորդարանը նախկինում եղել  է Ֆրեզնոյում:

Ֆրեզնոյում գործում է, դժբախտաբար, մեկ հայկական նախակրթարան` մինչև 6-րդ դասարան: Դպրոցն ունի մոտ 100 աշակերտ: Ամեն կերպ աջակցում ենք դպրոցին, փորձում ենք նեցուկ լինել, աշակերտների թիվը ավելացնել, հայոց լեզուն զորացնել:

Հին գաղութ է, բայց, դժբախտաբար, պատկերն այսօր շատ տխուր  է: Այո´, 40-50 հազար հայ  է ապրում քաղաքում, բայց եթե ռեալ մոտենանք` այդ թիվը կարող է 4-5 հազար լինել:

– Հիմնական պատճառը ո՞րն է:

– Ապրում են Ամերիկայում, հեռու են հայրենիքից…

– Համեմատելը գուցե սխալ է, բայց Դուք նույնպես հայրենիքում չեք ծնվել, մեծացել, բայց շատ վարժ հայերեն եք խոսում:

– Ես հայերեն սովորել եմ ոչ միայն դպրոցում, այլև տանը, զանազան ակումբներում: Իսկ Ֆրեզնոյում, դժբախտաբար, ակումբներն այնքան ակտիվ չեն, ինչպես Բեյրութում, Հալեպում կամ Հորդանանում:

Երբ հանդիպեցինք նախարար Հրանուշ Հակոբյանի հետ, մեզ շատ լավ մտքեր հաղորդեց: Մենք մասնակցեցինք «Արի տուն» ծրագրի բացմանը: Եվ հիմա պետք է փորձենք Ֆրեզնոյի մեջ գտնել երեխաներ, ովքեր կարող ենք մասնակցել  ծրագրին և հայրենիք այցելել:

Իսկ հայրենիք այցելությունը, լեզուն սովորելը շատ կարևոր է: Եվ ես վստահ եմ` դա պետք է լինի, և այդ սերմը պետք է կամաց-կամաց մեծանա ու ծիլեր տա:

Մենք ամեն կերպ ջանում ենք հայկականությունը պահել: Արդեն հինգերորդ տարին է` մենք հայկական տոհմիկ երեկոներ ենք կազմակերպում, որտեղ միայն հայերեն ենք խոսում, հայկական ճաշեր պատրաստում, հայկական երգեր երգում, պարեր պարում: Դարձյալ ցավով պետք է նշեմ, որ Ֆրեզնոյի հոծ համայնքից ընդամենը 250 մարդ է մասնակցում միջոցառմանը:

Զրույցը շարունակում է  Պերճ Աբգարյանը.

– Հոսանքը զորավոր է Ամերիկայում: Երեխայի ամբողջ շրջանակը` դպրոցը, ընկերները, հեռատեսիլը անգլերեն է, օտար: Հեռատեսիլն ինքնին հսկայական ազդեցություն ունի երեխայի հոգեբանության վրա:

Փոքր քանակով անձեր են միայն հայկական դպրոց հաճախում: Նախընտրում են ամերիկյան դպրոց, որովհետև անվճար է:

Եվ ամենակարևորը…. հավատ չունեն հայության հանդեպ: Ասածս գուցե տգեղ է, բայց շատերը մտածում են` եթե պետք է Ամերիկայում հայությունս պահեմ, ինչո՞ւ եմ այստեղ ապրում, կգնամ Հայաստան:

Ինչպես ասացի, առաջին սերունդը դժվարությունների միջով է անցել, ճնշումներ է տեսել: Շատերն իրենց անունները փոխել են և իրենց զավակներին անգամ հայերեն չեն սովորեցրել, նրանց հետ հայերեն չեն խոսել: Հաջորդ սերունդը, բնականաբար, հեռացել է հայկականությունից: Իսկ այսօր մենք խոսում ենք երրորդ, չորրորդ սերնդի մասին, ովքեր ներկայում ապրում են:

Ես չորս երեխա ունեմ, դոկտոր Վասիլյանը` երկու: Եթե մենք մեր երեխաներին հայկական դպրոց չուղարկենք, կարո՞ղ եք երևակայել, թե նրանց համար հայապահպանությունը, հայերեն խոսելը, Հայաստանի հանդեպ հարգանք, համակրանք ունենալը որքան հնարավոր պետք է լինի, դժվար պետք է լինի, չէ՞: Եթե ես զավակիս ուղարկեմ ամերիկյան դպրոց, նա արդեն ամերիկացի է դարձել` ո´չ լեզու, ո´չ պատմություն, ո´չ հայերեն, ոչի´նչ: Հայութունն իր համար, այսպես ասած, վերացական պատկեր է դառնում:

Նորից եմ ասում` հիմնական պատճառն այն է, որ առաջին սերունդը անհավատալի դժվարություններ է կրել, արգելել են նրանց ճաշարաններ մուտք գործել, հող առնել, տուն գնել:

– Խոսեցինք Սարոյանի, Անդրանիկի, Թեհլերյանի մասին: Ասացիք, որ հայերն այսօր լավ անուն ունեն համայնքում: Ինչպե՞ս է, որ չեն հավատում հայությանը, երբ նման օրինակներ ունեն աչքի առաջ:

Վաչե Վասիլյանն է պատասխանում.

– Ցավալի է այդ ասել, բայց պատկերն այդ է: Չեն հավատում հայությանը, որովհետև ինչպես պարոն Աբգարն ասաց, թեև ես այդ ամենին համամիտ չեմ, առաջին սերունդը Ամերիկայում բազմաթիվ զրկանքներ է տեսել, զատողություն է եղել, ու այդ ամենից խուսափելու համար տան մեջ արգելել են հայերեն խոսել:

Բայց ես այդ ամենը նորից վերագրում եմ թշնամուն` թուրքին:

Ֆրեզնոյում հաստատված հայերից շատերը  Ցեղասպանությունից են փախել: Այդ վախն է նրանց բերել Ամերիկա, և ցանկացել են` չիմանան, որ իրենք հայ են: Վախեցել են, որ իրենց կհալածեն,  մոռացել են իրենց ինքնությունը, որպեսզի հացի խնդիր լուծեն: Այդ սերունդը, որն իր զավակին հայերեն չի սովորեցրել, միայն օրապահիկի մասին է մտածել, մոռացել է իր ինքնությունը, որն էլ կամաց-կամաց խաթարվել է:

Չեմ ուզում սա ընդհանարցնել, բայց մեծամասնությունը, դժբախտաբար, այդ ճանապարհով է գնացել:

Ֆրեզնոյում 50 հազար հայ կա, ես 6 տարի է` անտեղ եմ ապրում, եթե որևէ ձեռնարկ ենք կազմակերպում` 700-ից ավելի մարդ չի մասնակցում:

Սա շատ մտահոգիչ է, աշխատում ենք այս ուղղությամբ, փորձում ենք ամեն գնով գաղութը աշխուժացնել, ապրեցնել ու հայկականացնել…

Հ.Գ. Որպես վերջաբան` ուզում եմ նորից դիմել Սարոյանին.

«Պիտի ուզէի տեսնել այս աշխարհի վրայ որեւէ ուժ,
որ բնաջնջէ այս սերունդը, այս փոքր ցեղին անկարևոր ժողովուրդը,
որուն բոլոր պատերազմները կռուած են և հաղթուած, կառոյցները` փշրուած,
գրականութիւնը` չէ կարդացուած,
երաժշտութիւնը` չէ լսուած
եւ աղօթքները` էլ չեն պատասխանուած:
Համարձակեցէ՛ք բնաջնջել Հայաստանը:

Տեսէ՛ք, թէ կրնա՞ք։
Աքսորեցէ՛ք դէպի անապատները` առանց հացի և ջուրի: Այրեցէ՛ք անոնց տուներն ու եկեղեցիները:
Յետոյ տեսէ՛ք, թէ անոնք արդեօք կրկին չե՞ն խնդա, երգէ կամ աղօթէ:
Որովհետեւ երբ անոնց երկուսը աշխարհի որեւէ մասում հանդիպէ,
տեսէ՛ք, թէ անոնք արդեօք մի Նոր Հայաստան չե՞ն ստեղծէ…»:

  Լուսինե  Աբրահամյան

Scroll Up