Դամասկոսի հայոց թեմի առաջնորդը սիրիական պատերազմում կրոնական երանգավորում չի տեսնում
Հայ առաքելական եկեղեցու Դամասկոսի թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը սիրիական պատերազմում կրոնական որևէ մեկնակետ ու միտում չի տեսնում: Նրա խոսքով` որևէ հալածանք չկա քրիտոնյաների դեմ, բայց ընդհանուր պատերազմի մեջ տուժում է նաև քրիստոնեական ու նաև հայկական համայնքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Սրբազանը, ով Հայաստանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» թեմայով համաժողովին մասնակցելու համար: «Սիրիական ճգնաժամն արդեն 3.5 տարի է շարունակվում, որն ինքնին որևէ կրոնական միտում, որևէ մեկնակետ չունի առ այսօր: Սակայն դժբախտաբար, այսօր մարդիկ, հատկապես ծայրահեղ իսլամիստները, օգտագործում են կրոնական ճյուղը, որպեսզի կարողանան իրենց կազմը համալրել ու ավելի լավ գործել: Մինչեկեղեցական ու մինչկրոնական մեր բոլոր հանդիպումների ժամանակ մենք միշտ շեշտել ենք` լինի քրիտոնեական, թե իսլամ հավատքի կրոնապետ, որ այս պատերազմը որևէ կրոնական միտում չունի: Ընդհակառակը բոլորս միշտ հորդորում ենք մեր ժողովրդին, որ սա որևէ կրոնական հիմք չստանա»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայտնեց Դամասկոսի հայոց թեմի առաջնորդը` հավելելով, որ հայ համայնքը ներգրավված չէ պատերազմի մեջ, բայց իր վրա է կրում սիրիական ճգնաժամի ողջ ծանրությունը:
«Մենք տեղական և համահայկական ջանքերով ամենաանհրաժեշտ օժանդակությունն ենք ցուցաբերում Սիրիայում ապրող մեր ժողովրդին, որպեսզի նրանք կարողանան պահել իրենց գոյությունն ու դիմագրավեն բոլոր դժվարություններին»,-ասաց Արմաշ Սրբազանը:
Նրա խոսքով` սիրիական ճգնաժամի մեջ հայ համայնքի ճգնաժամը նոր չէ, սկզբից ի վեր լինի Հալեպում, Հոմսում, Դամասկոսում, վերջին շրջանում նաև Քեսաբում և Հալեպի հայահոծ Նոր Գյուղ թաղամասում, հայ ժողովուրդն ունեցել է իր դժվարությունները:
Հարցին ի պատասխան, թե քանի հայ է ներկայում ապրում Սիրիայում, Արմաշ Սրբազանը դժվարացավ պատասխանել: «Ըստ ՀՀ սփյուռքի նախարարության և Լիբանանի կառույցների տեղեկության` 25-30 հազար սիրիահայ արդեն դուրս է եկել Սիրիայից»,-ասաց Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը:
Նրա տեղեկացմամբ` քեսաբահայերը, ովքեր բնակություն են հաստատել Լաթաքիայում, ապահով, բայց ծանր սոցիալական պայմաններում են: «Կենցաղային պայմանները դեռևս լուծված չեն, ոմանք իրենց բարեկամների մոտ են: Եկեղեցում ապրում է միայն 40 ընտանիք, այսինքն`100 մարդ»,-հայտնեց Սրբազանը:
Մանրամասները՝ armenpress.am կայքում: