Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանին

Մայիսի 31-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանին:
Գոհունակություն հայտնելով համատեղ աշխատանքի համար՝ կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին ավելի խորացնել և ամրապնդել համագործակցությունը: Կարևորվեց կառույցների միջև տեղեկատվության փոխանակումը, մասնավորապես ՍԴՀԿ սփյուռքյան գործունեության լուսաբանումը հայրենիքում:
Քննարկվեց կուսակցության երիտասարդական կառույցների բանակումների կազմակերպման հարցում Սփյուռքի նախարարության աջակցության հարցը: Նախատեսվում է կուսակցության երիտասարդական բանակումները կազմակերպել «Արի տուն» ճամբարում: Տարբեր երկրներից սփյուռքահայ երիտասարդները հայրենիքում հնարավորություն կունենան ծանոթանալու Հայաստանի պատմամշակութային վայրերին, մասնակցել դասախոսությունների:
Նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց Նախարարության 2014 թվականի ծրագրերը և հորդորեց ավելի ակտիվորեն մասնակցել Սփյուռքի նախարարության երիտասարդական ծրագրերին, որոնց հիմնական նպատակը հայոց լեզվի և մշակույթի դասավանդման, հայրենաճանաչության միջոցով հայապահպանությունն է:
Խոսվեց նաև սփյուռքի տարբեր համայնքներում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումների կազմակերպման մասին:
Նշենք, որ Հակոբ Տիգրանյանը մասնակցել է մայիսի 27-ին Երևանում կայացած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 4-րդ նիստին: