«Վնասվածը վերականգնելու կարիք կա…»

Հունիսի 21-ին տեղի կունենա «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնի հանդիսավոր բացումը, որի նախաձեռնողներն են «Ֆորմիկա Արտ Փրոդաքշնը» և «Ծիածան» հասարակական կազմակերպությունը՝ Արարատյան հայրապետական թեմի օրհնությամբ:

Փառատոնի նպատակն է ֆիլմերի, հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով սիրո, համերաշխության, հոգևոր ներդաշնակության ծիլեր սերմանել ու համամարդկային արժեքները վերահաստատել:

Փառատոնի տնօրեն Աննա Կարապետյանի խոսքով` փառատոնն արդեն իսկ յուրատեսակ կենդանություն է ստացել և իր շուրջն է համախմբել երիտասարդների, կամավորների, սոցիալական հատուկ խմբերի ու սահմանափակ կարողություն ունեցող անձանց:

Այս օրերին աշխուժություն է տիրում փառատոնի գրասենյակում, ընթանում են նախապատրաստական աշխատանքները: Պատրաստվում են բացման արարողության ժամանակ օգտագործվելիք պարագաներ` բարձեր, մոմեր, կատարվում ֆիլմերի թարգմանություններ և այլն:

Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու երիտասարդաց միության անդամները, որոնց միացել են նաև կամավորներ, տարբեր փորձարկումների, իմպրովիզների շնորհիվ  կարողացել են միահամուռ ուժերով մոմ ստանալ: Իսկ թե ինչ նպատակի են ծառայելու մոմերը,  պարզաբանում է Աննա Կարապետյանը.

«Մոմերն օգտագործվելու են բացման արարողության ժամանակ: Նախատեսում ենք 2500 մոմ պատրաստել, մեր կամավորներն արդեն 1000-ից ավելին պատրաստել են: Մոմի ժապավենի վրա փակցված կլինի նաև աղոթք: Ցականում ենք, որ փառատոնի բացմանը յուրաքանչյուրն իր հետ մի լույս տանի»:

Հունիսի 21-ը` փառատոնի բացման օրը, նաև Գրիգոր Լուսավորչի ծննդյան օրն է: Առավոտյան փառատոնի հյուրերը, կամավորները, բոլոր ցանկացողները ուխտագնացության կգնան Խոր վիրապ, որտեղ կկատարվի մոմի օրհնման կարգ: Օրհնված մոմի լույսով երեկոյան արդեն կվառվեն բոլոր մոմերն ու կփոխանցվեն ներկաներին:

Փառատոնի համար գրվել է նաև երգ. հեղինակը Վահե Հայրապետյանն է, իսկ գործիքավորել է Երվանդ Երզնկյանը, ով, ինչպես շատ-շատերը, նույնպես ցանկացել է իր լուման ներդնել փառատոնին: Երգի կատարմանը կմիանան նաև Սուրբ Երրորդություն եկեղեցու խուլերի համայնքը և երգը կներկայացնեն ժեստերի լեզվով:

Փառատոնի նախապատրաստական աշխատանքներին են միացել նաև Խարբերդի մանկատան սաները, որոնց ձեռքով են պատրաստվելու փառատոնի մրցանակները:

«Ուրախ ենք, որ փառատոնը չսկսված` արդեն իսկ համախմբել է մարդկանց, մտերմացրել: Այս օրերի ընթացքում նաև բացահայտեցինք, հասկացանք, թե ինչքան լավ, պատրաստակամ երիտասարդներ ունենք»,-եզրափակում է իր խոսքը Աննա Կարապեյանը:

Փառատոնին հաշված օրեր են մնացել, ու ինչպես ասվում է՝ վնասվածը վերականգնելու կարիք կա… Կարիք կա` այսօր, վաղը և…

«Հայերն այսօրը» Ֆրեսկո փառատոնի ինֆորմացիոն աջակիցն է:

Լ.  Աբրահամյան

IMG_5961 IMG_5963 IMG_5964 IMG_5965 IMG_5966 IMG_5973 IMG_5977 IMG_6073 IMG_6074 IMG_6078 IMG_6102 IMG_6106 IMG_6127 IMG_6144 IMG_6148 unnamed (2) unnamed (3)

Scroll Up