Կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների համակարգող խորհրդի տարածաշրջանային Վրաստանի հանձնախմբի անդրանիկ նիստը

Ապրիլի 29-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում,թեմի  առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախագահությամբ, կայացավ  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների  համակարգող  խորհրդի   տարածաշրջանային Վրաստանի հանձնախմբի  անդրանիկ  նիստը: Նիստին ներկա էր Վրաստանում ՀՀ  դեսպանության խորհրդական  Լևոն Թորգոմյանը, ով փոխանցեց Վրաստանում ՀՀ  արտակարգ և  լիազոր դեսպան   պարոն  Մանուկյանի  ողջույնները և  բարեմաղթանքները:   Նիստի աշխատանքին մասնակցում էին ներկայացուցիչներ  Թբիլիսիից, Սամցխե-Ջավախքի բոլոր շրջաններից, Ծալկայից և  Բաթումիից:

Սուրբ նահատակների  հոգեհանգստյան  աղոթքից հետո,  Վիրահայոց թեմի  առաջնորդը  ի մասնավորի խոսեց  տարածաշրջանային հանձնախմբի գործունեության մասին, կարևորելով պարտականությունների բաշխումը  և առաջիկա աշխատանքների ծրագրումը:

Նիստը միաձայն  տարածաշրջանային հանձնախմբի  համակարգող նախագահ  ընտրեց   Վիրահայոց թեմի  առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին, քարտուղար՝ Եվրոպայի «Հայ դատի» հանձնախմբի  Թբիլիսիի գրասենյակի  ղեկավար  Սլավա Մեժդոյանին: Ներկայացվեց  խորհրդի  անդամների  կազմը: Առաջարկվեց, որ  հանձնախմբի  անդամները  կազմեն  ծրագրեր  և ուղարկեն  քարտուղարություն, որպեսզի  հաջորդ նիստի  ժամանակ  դրանք քննարկվեն:

 Սրբազան Հայրը առաջնորդարանի կողմից  ներկայացրեց տասը կետից  բաղկացած աշխատանքային ծրագիր: Ներկաների կողմից առաջարկություն արվեց   նիստ հրավիրել   ամիսը  մեկ անգամ և արտագնա ձևաչափաչով դրանք անցկացնել  Վրաստանի հայաբնակ տարածաշրջաններում:

Հանձնախումբը  որոշեց   հաջորդ նիստը  անցկացնել  մայիսի  24-ին, որպեսզի   հանձնախմբի համակարգող  նախագահը՝   մայիսի 26-27-ին  ՀՀ Սփյուռքի  նախարարի   կողմից  անցկացվող   Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի  միջոցառումների քննարկման  ժողովին ներկայացնի  Վրաստանի հանձնախմբի աշխատանքների  ծրագիրը:

                                                                                                                                                                                                                                           Վիրահայոց թեմի մամլո դիվան

Scroll Up