Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Շվեյցարիայի Օբերենտֆելդեն քաղաքում

Ինչպես «Հայերն այսօր»-ին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից, ապրիլի 27-ին Շվեյցարիայում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Շվեյցարիայի գերմանախոս մասի Օբերենտֆելդեն քաղաքում տեղի է ունեցել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում:
Ելույթ է ունեցել Հայկական դպրոցական-ընտանեկան միության (ՀԴԸՄ) նախագահ Կարո Օհանյանը, ով մասնավորապես նշել է, որ համայն հայությունը պետք է պահանջատեր լինի Թուրքիայի կառավարությունից, որը նախ պետք է ճանաչի իր ոճրագործությունը, դրանից հետո ներողություն խնդրի և այնուհետև փոխհատուցում տրամադրի:
Դեսպան Ազնավուրի ուղերձը փոխանցե լ է Շվեյցարիայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Սաթենիկ Աբգարյանը: Ուղերձում մասնավորապես նշվում էր Մեծ եղեռնի 99-րդ տարելիցին արդարադատության, ճանաչման և իրավունքների վերականգնման բացակայության մասին, և որ Թուրքիայի վարչապետի ապրիլի 23-ի հայտարարությունում «ցավակցություն» բառը ո՛չ ճանաչում է, ո՛չ էլ առավել ևս ներողություն: Թուրքիան մինչև օրս մարդկության դեմ կատարված այդ մեծագույն ոճրագործությունը ցեղասպանություն չճանաչելով ու չդատապարտելով` զոհերի սերունդներին շարունակական ցավ է պատճառում:
Միջոցառումը շարունակվել է համերգով, որի ընթացքում հայ երաժիշտների կատարմամբ հնչել են Թ. Ալբինիոնիի, Ա. Խաչատրյանի, Ջ. Վիլյամսի, Կոմիտասի և այլ կոմպոզիտորների հայտնի ստեղծագործությունները:
Միջոցառմանը մասնակցում էին Շվեյցարիայի գերմնանախոս հատվածի հայկական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ և շվեյցարացիներ:
Միջոցառումն ավարտվել է Սիրիայի Քեսաբ քաղաքից բռնագաղթված հայերին օժանդակության համար հանգանականությամբ: