Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բաթումում

Ապրիլի 24-ին Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում աջարահայ համայնքի հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանի կողմից կատարվեց պատարագ և Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման կարգ, որին հետևեց մոմավառությունը  եկեղեցու բակում:

Իրենց ելույթներում Արարատ քահանա Գումբալյանը և ՀՀ գյխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը նշեցին, որ Հայոց ցեղասպանության դատապարտման բացակայությունը նոր հանցագործությունների է հանգեցնում:

ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, հակիրճ պատմելով 99 տարի առաջ Թուրքիայի բոլոր շրջաններում ծայր առած հայերի տեղահանության, դաժան ջարդերի, մեր ժողովրդի մի ստվար հատվածի կրած աներևակայելի տանջանքների մասին, առանձին անդրադարձ կատարեց Թուրքիայի կողմից Եղեռնի պետականորեն ժխտման փաստին, կարևորեց Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչմանն ուղղված մեր երկրի հետևողական ջանքերը: Ընդգծելով, որ ողջ հայությունն ու առաջադեմ մարդկությունը պատրաստվում են հաջորդ տարի նշել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ Արամ Գրիգորյանը  երախտագիտության խոսքեր ասաց  բոլոր այն երկրների, խորհրդարանների, որոշ պետությունների առանձին նահանգների հասցեին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

 Միջոցառման ավարտին ներկաները ծաղկեփնջեր զետեղեցին եկեղեցու բակում կանգնեցված խաչքարին: Այս մասին «Հայերն այսօր»-ին տեղեկցրին ՀՀ ԱԳՆ մամլո գրասնյակից:

Scroll Up