Սփյուռքից նամակ ունես, Թուրքիա’
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/04/4659321398169056.jpg)
Ես ոչ թե ներողություն, այլ հարցիս պատասխան եմ ուզում: «Ակօս»-ը հրապարակել է Նենսի Գրիգորյանի նամակը, որում նա ընդամենը մեկ հարց է ուղղել Թուրքիային՝ ակնկալելով դրա պատասխանը: Ուոթրթաուն, Մասաչուսեթսի հայ համայնքում մեծացած Նենսի Գրիգորյանը Դարդմաութ կոլեջում համեմատական գրականություն ուսանելուց հետո ուսումը շարունակել է Փարիզի և Կոլումբիայի համալսարաններում: 1998 թվականին հրապարակել է առաջին վեպը՝ «Զաբել», որը պատմում է Հայոց ցեղասպանության ականատես մի կնոջ ապրումները: Գրիգորյանը դասավանդել է նաև «Yale», «Rutgers»,«Barnard» և « Queens» դպրոցներում: Այժմ բնակվում է Նյու Յորքում: Ծուռ նստենք, ուղիղ խոսենք Հայկական (նաև թուրքական) առած Հիսուս ասել է` ներիր թշնամուդ, բայց ես մեր նկատմամբ կատարվածը երբեք չեմ ներելու: Մարիամ Գոճապապյան-Գրիգորյան Մի պաղեստինցի բարեկամ պատմել էր` տարիներ առաջ Պաղեստինի ազգային վարչակազմի աշխատակիցներից մեկը խորհուրդ է տալիս իր իսրայելցի պաշտոնակցին` 1948-ի դեպքերի համար ներողություն խնդրելով` կարելի է բարյացակամության տրամադրություն ստեղծել: Իսրայելցի դիվանագետի այն հարցին ՝ ուզում եք ներողությո՞ւն խնդրենք, պաղեստինցին պատասխանում է. «Դուք պահանջում եք, որ մենք խոստովանենք, որ ի ծնե մեղավոր ենք: Նման բան անհնար է»: Ո՞ր ազգային պետությունը հիմնված չէ հանցագործությունների վրա կամ չի օգտվել հանցագործությունից: Իսրայելը հիմնվեց բազմահազար պաղեստինցիների վայրագորեն տարագրելու գնով, ԱՄՆ-ը՝ հողերի զավթմամբ, ցեղասպանությամբ և գերիների անխնա կեղեքմամբ, իսկ արդի Թուրքիայի Հանրապետությունը՝ հայերի, ասորիների, հույների ոչնչացմամբ, տարագրությամբ և քրդերի վրա ճնշմամբ: Այս ամենն իրագործելու համար, հավանաբար, անհրաժեշտ է այդ զոհերին մյուսներից ցածր դասելու նեղ մտահորիզոն ունենալ: Իսկ դեպքերից հետո այնպիսի պատմություններ են հյուսում, որ, ասես, նախատված, հափշտակված, նույնիսկ սպանվածները այդ վերաբերմունքին են արժանի եղել, մինչև իսկ հանցագործները հենց իրենք են: Մեծ մայրս՝ Մարիամ Գոճապապյան-Գրիգորյանը, Կիլիկիայի Մերսին քաղաքից էր: 1915-ին նա ու ընտանիքը հարկադրված են լքել իրենց տունը: Նրանց աքսորել են դեպի Սիրիայի անապատը: Մայրը, հայրը, իրենից փոքր քույրերը մահացել են աքսորի ճանապարհին: Մեծ մայրս ու նրա եղբայրը մաս կազմեցին Ռեսլայնի 8 հազար որբերի։ Սա մի արկած չէր, ինչպես նաև պատերազմի պատճառով խաղաղ բնակիչների կորուստ չէր։ Սա հայկական հարցը հայ ժողովրդի բնաջնջմամբ լուծելու ծրագրի մի մասնիկն էր: Նպատակը, բացի Թուրքիան հայաթափելուց, հայերի տները, հողամասերն ու ունեցվածքը թալանելն էր:
Ես թուրքերից ներողություն չեմ պահանջում, բայց ակնկալում եմ հետևյալ հարցիս պատասխանը` Հայերի համար հարգանքը, հավասարությունն ու արդարությունը շատ համարելը ի՞նչ նպատակի է ծառայում:
Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի