Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքար Թբիլիսիում

Ապրիլի 21-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի օծման հանդիսավոր արարողությունը: Խաչքարի տեղադրումը նախաձեռնել էր Վիրահայոց թեմը՝ պետերբուրգաբնակ Հրաչյա Պողոսյանի բարերարությամբ: Այն առաջինն էր Թբիլիսիում: Խաչքարը պատրաստվել է Հայաստանում:  Այն հին Ջուղայում ադրբեջանցի զինվորների կողմից ոչնչացված հազարավոր խաչքարներից մեկի նմանօրինակն է (վարպետ՝ Վարազդատ Համբարձումյան):

Խաչքարի օծման հանդիսավոր արարողությանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, Աջարիայում, Գուրիայում և Իմերեթիայում գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, Անդրկովկասում լատինա-կաթոլիկական թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Ջուզեպպե եպիսկոպոս Պազոտտոն, Վրաստանում Ավետարանական-մկրտական Եկեղեցու արքեպիսկոպոս Մալխազ Սոնղուլաշվիլին, Վրաստանում Ավետարանական-լյութերական եկեղեցու առաջնորդ գերաշնորհ Տ. Հանս  Յոահիմ Կիդերլենը, ՀՀ Սփյուռքի նախարարության ԱՊՀ երկրների վարչության Կովկասի բաժնի պետ Տարոն Շագոյանը, հյուրեր Սամցխե-Ջավախքից, Քվեմո-Քարթլիից, Աջարիայի Ինքնավար Հանրապետությունից, Հայաստանի Հանրապետության տարբեր տարածաշրջաններից, Ռուսաստանի Դաշնությունից: Խաչքարի օծման հանդիսավոր արարողությանը ներկա էր բարերար Հրաչյա Պողոսյանը ընտանիքի և բարեկամների հետ:

Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. ԲաբգԷն վարդապետ Սալբիյանի և հոգևոր դասի մասնակցությամբ եկեղեցում կատարվեց հոգեհանգստյան արարողություն, ապա խաչքարի օծման սրբազան կարգ:

Արարողությանը խոսքով հանդես եկան Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, ՀՀ Ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, Վրաստանում Ավետարանական-մկրտական Եկեղեցու արքեպիսկոպոս Մալխազ Սոնղուլաշվիլին, վիրահայ մտավորականներ Գիվի Շահնազարը և Անահիտ Բոստանջյանը, պահեստի գեներալ-լեյտենանտ Մուրադ Սարգսյանը, պետերբուրգաբնակ Յուրի Կլյոնովը: Վերջում ելույթ ունեցավ միջոցառման բարերար Հրաչյա Պողոսյանը:

Նորաօծ խաչքարի պատվանդանին ծաղկեպսակներ դրվեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, Վրաստանում ՀՀ դեսպանության, բարերար Պողոսյան ընտանիքի, Պետերբուրգի հայության կողմից: Եկեղեցու բակում և մերձակա տարածքում հավաքված հանրությունը ծաղիկներով զարդարեց Հայոց խաչքարի պատվանդանը:

Միջոցառումը շարունակվեց Թբիլիսիի «Քորթիարդ-Մարիոտ» հյուրանոցի դահլիճում, որտեղ Երևանի «Զանգակներ» համույթի մասնակցությամբ (գեղարվեստական ղեկավար` Շահեն Քեշիշյան) տեղի ունեցավ համերգ՝  աջակցությամբ ՀՀ Սփյուռքի նախարարության:

Մեկ անգամ ևս հարգելով միլիոնուկես անմեղ զոհերի խնկելի հիշատակը՝ Վիրահայոց թեմը, թբիլիսահայությունը իր երախտագիտությունը բերեց Հրաչյա Պողոսյանին՝ նրա ազգային մեծ նվիրումի համար: Խաչքարի բացման արարողությունը լուսաբանվեց տարբեր լրատվամիջոցներով:

Scroll Up