Սուրբ Հարության տոնը մեկտեղել էր մոսկվաբնակ հայությանը

Ապրիլի 20-ին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցին լեփ-լեցուն էր հավատացյալներով: Նորակառույց եկեղեցական համալիրն իր դռներն էր բացել անթիվ-անհամար հայ հավատացյալների առջև, ովքեր վաղ առավոտյան մասնակցեցին Սուրբ Հարության Պատարագին, ապա անմասն չմնացին եկեղեցական համալիրի բակում կազմակերպված միջոցառումներից: Պատարագից հետո հավատացյալները` Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ուղեկցությամբ, դուրս եկան բակ, որտեղ մասնակից դարձան ոչ միայն ազգային երգ ու պարին, այլև ազգային խաղերին: Հայրենիքից հեռու մեծացած երեխաների մի մասը կյանքում առաջին անգամ լսեց հայկական բակային խաղերի գոյության, ձևավորման մասին պատմություններ, մեծերի օգնությամբ փորձեց խաղալ այսպես կոչված «չլիկ-դաստա», «քարկտիկ», «յոթ քար» և զարմանքով ու հիացմունքով հետևեց լարախաղացի հմուտ շարժումներին: Իսկ շքեղ միջոցառման մեկնարկը տրվեց աղավնիների բացթողմամբ, որի խորհրդավորությունը համակեց բոլորին:

Հայերի սիրած տոնը համախմբել էր ծանոթին ու անծանոթին, մեծին ու փոքրին, իսկ ներկաները Սուրբ Պայծառակերպության տաճարն այնքան հոգերահազատ էին ընդունում, որ մի պահ անգամ մոռացել էին հայրենիքից հեռու գտնվելու մասին, շատերն էլ զարմանքով և ժպիտով էին արձագանքում կողքից լսվող հայերենին:

Թեմակալ առաջնորդ Եզրաս սրբազանի օրհնությամբ եկեղեցական համալիրի բակում կազմակերպված, մինչև ուշ երեկո շարունակված միջոցառումում ընդգրկված էին Մոսկվայում գործող տասնյակ հայկական մշակութային կազամակերպություններ և անհատ-կատարողներ: Նրանց թվում էին` «Հայաստանի ծաղիկներ», «Վարդանանք», «Հայորդիք» համույթները, ինչպես նաև թեմի Մոսկվայի Հայորդյաց տան «Հայասա» պարային համույթը (գեղ. ղեկավար` Արփինե Ամիրյան, ղեկավար` Մարգարիտա Գրիգորյան), «Նորահրաշ» և  «Ովսաննա» երգչախմբերը (գեղ. ղեկավար` Լենա Բեգլարյան), «Ակունք» ժողգործիքների համույթը (գեղ. ղեկ.` Մեխակ Խաչատրյան), որոնք իրենց փայլուն կատարումներով մեծ հիացմունք և ոգևորություն պարգևեցին ներկաներին (համերգի պատասխանատու` Համլետ Ղալեչյան): Հատկապես Հայորդյաց տան սաների յուրքանչյուր համար բուռն ընդունելության էր արժանանում ներկաների կողմից, ովքեր վաղուց նման բացօթյա լայնածավալ հայկական միջոցառման ներկա լինելու հնարավորություն չէին ունեցել: Կրթօջախի սաներն իրենց կատարումներով եկան ապացուցելու, որ ազգային հավատից, մշակույթից, նիստուկացից չհեռացող հայը նախանձելի օրինակ է մյուսների համար:

Տոնական տրամադրությունը, ազգային երգն ու պարը միախառնվել էին` հայերին դարձնելով մեկ ամբողջություն և հիշեցնելով մեծն բանաստեղծի պատգամը, ըստ որի` հայի փրկությունն իր միասնականության մեջ է: Իսկ փրկության, ազգապահպանության խնդրի հայն օտար հողում բախվում է ամեն օր, ամեն ժամ ու ամեն վայրկյան, սակայն Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո անցկացվող նման լայնածավալ, հայկականությունն արթնացնող միջոցառումները ստիպում են «արթուն լինել» և մոռանալ ազգայինից նահանջի մասին: Իսկ ազգայինից նահանջի հիմնական խոչընդոտը նորակառույց, բայց արդեն իսկ հայերի կյանքի անբաժանելի մաս կազմած եկեղեցական համալիրն է:

Արմինե Կարեյան, Մոսկվա

unnamed (23) unnamed (11) unnamed (12) unnamed (13) unnamed (14) unnamed (15) unnamed (16) unnamed (17) SONY DSC SONY DSC unnamed (20) unnamed (21) unnamed (22)

Scroll Up