Ծաղկազարդը նշվեց Ջավախքի եկեղեցիներում

Հանդիսապետությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն վրդ Սալբիյանի՝ Ջավախքի բոլոր գործող եկեղեցիներում մատուցվեց Ծաղկազարդի Սբ և Անմահ պատարագ:

Տ. Տաթև քահանա Մարուքյանի ձեռամբ Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված  Պատարագի  ավարտին կատարվեց Մանուկների օրհնության կարգ և օրհնվեցին ուռենու ոստերը, որոնք բաժանվեցին ժողովրդին:

Ջավախքի հավատավոր ժողովրդի հոսքը դեպի եկեղեցի չէր դադարում: Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու կամարների ներքո իշխում էր հոգևոր սեր և ջերմություն: Եկեղեցին լեփ-լեցուն էր մանուկներով և հավատացյալներով:

Հոգևոր առաջնորդն իր խոսքում մանուկներին երջանկություն, սեր, խաղաղություն և բարօրություն մաղթեց:

Ծաղկազարդի ոստերը քրիստոնյաները պահպանում են ողջ տարի՝ մինչ մյուս Ծաղկազարդ: Ս. Զատկին նախորդող կիրակի օրը Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծաղկազարդը հռչակել է որպես մանուկների օրհնության օր:

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան

IMG_3136                                                                                              IMG_3149

IMG_3159                                                                                              IMG_3186

Scroll Up