Սկսվել է Ավագ շաբաթը

Յիսուս գնաց աղօթքի կանգնեց  ու ասաց. «Հա´յր իմ, եթէ կարելի չէ, որ այս բաժակը ինձնից հեռու անցնի, ապա այն կը խմեմ. քո կա´մքը թող լինի» (Մատթ. ԻԶ 42)

Ավագ շաբաթ. այսպես է կոչվում Ծաղկազարդից մինչև Սբ. Զատիկն ընկած խորհրդավոր շաբաթը, որի յուրաքանչյուր օրը ևս «ավագ» անվանումն է կրում` իր այլաբանական խորհրդով: Դրանք հենց այն օրերն էին, երբ Քրիստոս իրականացրեց Իր վերջին և գլխավոր տնօրինությունները, որի արդյունքում կատարվեց այն ամենը, ինչ անհրաժեշտ էր մեղավոր մարդուն վերստին անմահություն պարգևելու և Երկնքի արքայություն փոխադրելու համար: Այդ օրերին Եկեղեցին հանդիսավոր արարողություններով մասնակից է դառնում Տիրոջ երկրային կյանքի այս վերջին շրջանին` քայլ առ քայլ ընթանալով Նրա հետ և հիշատակելով միմյանց հաջորդող խորհրդավոր իրադարձությունները` Տիրոջ չարչարանքները, խաչելությունը, թաղումը, դժոխքի ավերումը, հոգիների ազատագրումը և, վերջապես, Նրա հրաշափառ Հարությունը: Ամփոփ ներկայացնում ենք դրանցից յուրաքանչյուրի խորհուրդը.

ԾԱՂԿԱԶԱՐԴ: Ավագ շաբաթվա առաջին օրը Ծաղկազարդի կիրակին է: Այն խորհրդանշում է արարչության առաջին օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, և լույսը, տարածվելով, հալածեց խավարը: Ծաղկազարդի կիրակի օրը տեղի ունեցավ Քրիստոսի հանդիսավոր և հաղթական մուտքը Երուսաղեմ: Այդ օրը մենք վերապրում ենք Փրկչին դիմավորող ժողովրդի ցնծությունը: Այն խորհրդանշում է նաև Տիրոջ Երկրորդ Գալուստը:

ԱՎԱԳ  ԵՐԿՈՒՇԱԲԹԻ: Անպտուղ թզենու չորացում:  Ավագ երկուշաբթին խորհրդանշում է արարչության երկրորդ օրը, երբ Աստված ջրերը բաժանեց միմյանցից և արարեց երկնքի հաստատությունը: Այս օրը խորհրդանշում է նաև երկրորդ շրջանը, երբ ապականվեց ամբողջ տիեզերքը, և միայն Ենոքը հաճելի եղավ Աստծուն ու երկինք փոխադրվեց (Ծննդ. Ե 21-24):

Այս օրը Քրիստոսն անիծեց անպտուղ թզենին, և այն իսկույն չորացավ (Մատթ. ԻԱ 18-22): Անպտուղ թզենին օրինակն է ճշմարիտ հավատք ու բարի գործեր չունեցող մեղավորների, ովքեր պատժվելու են վերջին օրը աստվածային հրամանով:

ԱՎԱԳ  ԵՐԵՔՇԱԲԹԻ: Տասը կույսերի առակը:  Ավագ երեքշաբթին պատկերն է  արարչության երրորդ օրվա, երբ Աստված երկրի վրա դալար բույսեր և պտղատու ծառեր աճեցրեց: Ավագ երեքշաբթին նաև երրորդ ժամանակաշրջանի խորհուրդն ունի, երբ ջրհեղեղը ողողեց ամբողջ աշխարհը, և Աստված, մարդկանց լեզուները խառնելով, նրանց տարածեց աշխարհով մեկ (Ծննդ. Է-ԺԱ):  Այս օրը Հիսուս Քրիստոս նստում է Ձիթենյաց լեռան վրա, որն օրինակն է վերին արքայության, և Իր աշակերտներին պատմում է Իր չարչարանքների, տաճարի ավերման, աշխարհի վախճանի, նեռի գալստյան, գործվելիք պղծությունների և Իր երկրորդ` հրաշափառ Գալստյան մասին: Վերջում այս ամենն ամփոփվում է «Տասը կույսերի առակով», որը հնչում է իբրև հորդոր` առաքինության գործերով նմանվելու իմաստուն կույսերին:

ԱՎԱԳ  ՉՈՐԵՔՇԱԲԹԻ: Օծում և մատնություն: Այս օրը հիշատակն է արարչության չորրորդ օրվա, երբ Աստված լուսատուներ դրեց երկնքի հաստատության ներսում և դրանով տվեց Արդարության Արեգակի` Քրիստոսի ծննդյան ավետիսը: Ավագ չորեքշաբթին նաև պատկերն է չորրորդ ժամանակաշրջանի, երբ Աբրահամը ստացավ Իսահակի ծննդյան ավետիսը (Ծննդ. ԺԸ), հրեաները Եգիպտոսից դուրս եկան (Ելք. ԺԲ-ԺԴ) և Իսրայելի որդիներն Ավետյաց երկիր փոխադրվեցին (Հեսու Ա-ԺԹ): Այսօր հիշատակում ենք այն մեղավոր կնոջը, ով թանկագին յուղով օծեց Քրիստոսի գլուխը, ինչը խորհրդանշեց Տիրոջ մոտալուտ մահը: Ավագ չորեքշաբթի օրը հիշատակն է նաև Տիրոջ մատնության, որ կատարվեց Նրա աշակերտ Հուդա Իսկարիովտացու կողմից` քահանայապետերից ստացած 30 արծաթի դիմաց(Մատթ.ԻԶ14-16)

ԱՎԱԳ  ՀԻՆԳՇԱԲԹԻ: Վերջին ընթրիք` Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա: Ավագ հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին: Այս օրն ունի նաև հինգերորդ ժամանակաշրջանի խորհուրդը, երբ Իսրայելի զավակները կերան զատկական գառը, մկրտվեցին ամպի ու ծովի մեջ, անապատում կերան երկնքից իջած մանանան և ըմպեցին վիմաբուխ աղբյուրից (Ելք. ԺԲ, ԺԴ, ԺԶ, ԺԷ):   Ավագ հինգշաբթին հիշատակն է Խորհրդավոր ընթրիքի, ինչպես նաև Ոտնլվայի, երբ Հիսուս, ի նշան և որպես օրինակ անսահման հեզության, լվաց Իր աշակերտների ոտքերը: Այդ օրը նաև Հիսուս Իր աշակերտներին հաղորդ դարձրեց Իր Մարմնին ու Արյանը` դրանով իսկ հաստատելով Սբ. Պատարագի խորհուրդը: Ավագ հինգշաբթի օրը, երբ Տերը Վերնատանը նստեց Իր աշակերտների հետ, խորհրդանշում է Քրիստոսի` Իր փառքի աթոռին նստելն Իր տասներկու աշակերտների հետ: Ավագ հինգշաբթի երեկոյան եկեղեցիներում կատարվում է նաև Խավարմանարարողությունը, որն արդեն վերաբերում է Ավագ ուրբաթի խորհրդին` Տիրոջ ձերբակալությանը, չարչարանքներին, խաչելությանն ու մահվանը, և Խավարում է կոչվում այն պատճառով, որ Հիսուսի խաչելության ժամանակ արևը կեսօրին խավարեց մինչև ժամը երեքը, երբ Հիսուսը հոգին ավանդեց (Մատթ. ԻԷ 45-50):

ԱՎԱԳ  ՈՒՐԲԱԹ: Տիրոջ խաչելությունը և թաղումը:  Ավագ ուրբաթը խորհրդանշում է արարչության վեցերորդ օրը, երբ Աստված հողից արարեց Ադամին` Իր պատկերով ու նմանությամբ, իսկ հետո նրա կողից ստեղծեց Եվային ու նրանց դրեց Դրախտում: Ուրբաթ օրը Ադամն ու Եվան կերան արգելված պտուղը, մերկացան փառքից, և Տերն անեծքով պատժելով մարդուն` արտաքսեց Դրախտից: Վեցերորդ ժամանակաշրջանում Աստված սուրբ Կույսի անարատ արգանդում դարձավ կատարյալ Մարդ` հոգով, մտքով և մարմնով, որպեսզի կատարի տնօրինական գործերը: Ավագ ուրբաթ օրը Տերը Հուդայի մատնությամբ ձերբակալվեց, ծեծի ու ծաղրի ենթարկվեց և ապա , Իր վրա վերցնելով Ադամի անեծքն ու դատապարտությունը, խաչի վրա մեռնելով, բացեց Իր կողը և կողից բխած ջրով լվաց մարդու մեղքերը, իսկ բխած արյամբ մեզ գնեց չարի ծառայությունից: Եվ ինչպես Ադամի կողից ստեղծվեց նրա կինը` Եվան, այդպես էլ Տիրոջ կողից եղավ Նրա հարսը` Եկեղեցին: Այսօր թեպետ ուրախություն է հոգիների համար, քանի որ Քրիստոսի չարչարանքներով մեր հոգիներն ազատվեցին դժոխքից, սակայն մարմնապես սուգ է ու տրտմություն:

ԱՎԱԳ  ՇԱԲԱԹ:  Դժոխքի ավերում, Ճրագալույցի Պատարագ:   Այս օրը պատկերն ու օրինակն է արարչության յոթերորդ օրվա, երբ Աստված հանգստացավ Իր բոլոր գործերից: Աստված վեց օրում արարեց ժամանակավոր ու ապականության ենթակա աշխարհը, իսկ յոթերորդ օրը` սրբերի հանգիստը: Անցած օրերն Աստված պատվեց արարչությամբ, իսկ այս օրը` օրհնությամբ ու սրբությամբ: Ավագ շաբաթ օրը նվիրված է Հիսուսի թաղմանը և գերեզմանի կնքմանը: Քրիստոս, գերեզման դրվելով, իջավ դժոխք և ավերեց այն` փրկություն շնորհելով արդարների հոգիներին, ինչպես ուսուցանում է մեր Եկեղեցու վարդապետությունը, և բացեց հանգստյան տունը` Դրախտը:

Իսկ յոթերորդ ժամանակաշրջանի հասնելուն պես Տերը կրկին պիտի գա և արդարներին շնորհի աշխարհի սկզբից նրանց համար պատրաստված Արքայությունը` Հավիտենական հանգիստը:

Թեև Տիրոջ թաղման հիշատակի օրը Ավագ շաբաթն է, սակայն թաղման գլխավոր արարողակարգը կատարվում է Ավագ ուրբաթ երեկոյան:

Իսկ Ավագ շաբաթ օրվա երեկոյան կատարվում է Սբ. Զատկի ճրագալույցի արարողությունը` այսպիսով եզրափակելով Տիրոջ չարչարանքների շաբաթը և ավետելով Նրա հրաշափառ Հարությունը մեռելներից: Քրիստոսի Հարության ավետիսով ավարտվում է Մեծ պահքը:

ԶԱՏԻԿ – Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարությունը:  Ավագ շաբաթվա երեկոյան մատուցված ճրագալույցի Պատարագով սկսվում է Հարության տոնը, իսկ կիրակի օրը Զատկական Պատարագով այն վերածվում է համընդհանուր տոնախմբության: Հիսուսն Իր մահով հաղթեց մահվանը` մեր` մարդ արարածներիս փրկության համար: Եվ երբ Զատկական Պատարագին պատարագիչ քահանայի շուրթերից լսենք «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» ավետիսը, մենք էլ մեր ձայնը բարձրացնենք, ականատեսները լինենք Քրիստոսի հրաշափառ Հարության` զվարթաձայն արձագանքելով` «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Հայկ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Scroll Up