ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի դիմումը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի առթիվ
Սիրելի հայրենակիցներ, Հայաստանում և Սփյուռքում մեծ ոգևորությամբ տեղեկացան ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող 410 բանաձևի ընդունման մասին: Մենք ողջունում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ այս բանաձի ընդունումը, որը ևս մեկ անգամ ապացուցում է, որ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ:
Այս քայլով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը և բանաձևին կողմ քվեարկած սենատորները հաստատեցին համամարդկային արժեքներին հավատարիմ մնալու և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները կանխարգելելու իրենց պատրաստակամությունը:
Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացում նման բանաձևի ընդունումը կարևոր քայլ է, որն իրականացել է ԱՄՆ-ի հայկական սփյուռքի, հայակական համագումարի, Ամերիկայում և աշխարհի տարբեր երկրներում գործող Հայ դատի գրասենյակների և համահայկական այլ կառույցների նպատակային և անխոնջ ջանքերի շնորհիվ:
Մաղթում եմ ձեզ ուժ և կորով Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչմանը, դատապարտմանը և հետևանքների վերացմանն ուղղված ձեր ջանքերում:
ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար
Հրանուշ Հակոբյան