Անվտանգության խորհրդի պահվածքն անհանգստացնող է

Մինչ եվրոպական կառույցներում հայ պատգամավորները բարաձրաձայնում են քեսաբահայության խնդիրները, իսկ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը մտահոգությամբ խոսում է Քեսաբում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների մասին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել է քննարկել քեսաբահայության հարցը: Այսինքն՝ Սիրիայի Քեսաբ քաղաքում տեղի ունեցած արյունալի իրադարձությունները, որոնք Ռուսաստանի ներկայացուցչի կողմից գնահատվել են ցեղասպանություն, չեն արժանացել ՄԱԿ-ի ուշադրությանը… Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ ազգերի իրավահավասարության հենքի վրա ձևավորված կառույցն արհամարհական վերաբերմունք է հանդես բերում 21-րդ դարում տեղի ունեցող ցեղասպանության հանդեպ և փակում հարցը՝ հասկացնել տալով, որ քաղաքական շահերն առավել կարևոր են, քան բուն ցեղասպանությունը, իր պատմական հայրենիքում ապրող ժողովրդի իրավունքը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այս դիրքորոշումը մեկ անգամ ևս մեզ տեղափոխում է 20-րդ դարասկիզբ, 1915 թվական, երբ հատկապես Եվրոպայի աչքի առջև ցեղասպանվեց 1,5 միլիոնից ավելի մարդ, անապատներ քշվեցին հարյուր հազարավոր ու սպանվեցին, մահացան սովից… Այն ժամանակ էլ աշխարհն անտարբեր գտնվեց, Գերմանիան, Մեծ Բրիտանիան փակեցին իրենց աչքերը, մյուս տերությունները չկամեցան բողոքի ձայն բարձրացնել, օգնության ձեռք պարզել մի ողջ ժողովրդի: Այսօր պատմությունը կրկնվում է, այսօր նորից ցեղասպանության վտանգը կախվել է Սիրիայում ապրող հայերի ու մյուս քրիստոնյաների գլխին, իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի կամենում քննարկել հարցը: Հասկանալի է, որ պատերազմը շատ երկրների ահռելի ֆինանսական հոսքեր է բերում, նպաստում է հզորների ունեցվածքի բազմապատկմանը: Այսինքն, ֆինանսական շահերն առավել կարևոր են, քան ժողովուրդների իրավունքները: Նույն այս ՄԱԿ-ը, գայթակղված ադրբեջանական նավթադոլարներով, չորս բանաձև ընդունեց Լեռնային Ղարաբաղի հարցով, կանգնեց Լեռնային Ղարաբաղից հեռացած ազերիների իրավունքների դիրքերում, մինչդեռ հայերի նոր ցեղասպանությունը չի հետաքրքրում, չի մտահոգում նրան: Չի մտահոգում, որովհետև սիրիական պատերազմը տեղի է ունենում աշխարհի հզորների կամքով, ԱՄՆ-Թուրքիա տանդեմի նախաձեռնությամբ: Եվ, բնականաբար, ոչ ոք չի ուզում միջամտել հզորների գործերին, ոչ ոք չի ուզում կանգնեցնել ցեղասպանություն սփռող ձեռքը: Մինչդեռ անհրաժեշտ է, որ հենց Անվտանգության խորհուրդն իր վերաբերմունքն արտահայտեր, դատապարտեր կատարվածը՝ այսպես նաև ահեղ զգուշացում հնչեցնելով ողջ աշխարհում, կանխելով հետագա գործողությունները: Երբ ահաբեկչությունները, ոճրագործությունները, ազգերի դեմ գործված հանցագործությունները չեն դատապարտվում, դրանք իրենց համար «բարեբեր» պայմաններ են ձևավորում, ամենաթողությունը դարձնում փիլիսոփայություն և գործելաձև: Մենք արդեն տեսանք, որ Իրաքում, Աֆղանստանում, նույն Սիրիայում տեղի ունեցող ահաբեկչությունները, անմեղ մարդկանց սպանությունները չեն դադարում, օրավուր ուռճանում է զոհերի թիվը, օրավուր նոր մարդիկ են դառնում ոճրագործությունների թիրախներ: Հետևաբար, Քեսաբի ողբերգության դատապարտումը, այն իբրև նոր ցեղասպանություն դիտարկելը ոչ միայն  բարոյական, այլև իրավական խնդիր էր: Ճիշտ է, ՄԱԿ-ի որոշումներն իրավական հետևանքներ չունեն, սակայն կարող են կանխել, արգելակել մարդկության դեմ գործվող ոճիրները:

Արդյո՞ք այսքանից հետո ՄԱԿ-ի որևէ բանաձև ու որոշում կարող է բարոյական ուժ ու հետևանք ունենալ, արդյո՞ք հայ ժողովուրդը վստահությամբ կվերաբերվի այդ կառույցին: Ուրեմն, գուցե ժամանա՞կն է, որ հայկական դիվանագիտությունը, ի տրիտուր Անվտանգության խորհրդի նման կեցվածքի, չեղյալ համարի Ղարաբաղի հարցով ընդունված բոլոր բանաձևերը և բողոքի նոտա հղի գերմիջազգային այս կառույցին, որն արդարության կողմն է կանգնում ընտրողաբար…

Լևոն Մութաֆյան

Scroll Up